Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետը կրկին պարտավորեցվել է փոխհատուցում վճարել Էրդողանին
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հերթական դատական վճիռն է կայացվել։ Պատճառը հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նրա քննադատական հայտարարություններն են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քըլըչդարօղլուն պարտավորեցվել է Էրդողանին փոխհատուցում վճարել չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) թուրք կուսակցապետի դեմ թուրքական դատարանի վճիռները որակել էր որպես ազատ խոսքի իրավունքի ոտնահարում։
Նշենք, որ այս անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ընդդիմադիր գործչի դեմ դատական գործ է հարուցվել 2019թ․ նոյեմբերի 26-ին Էրդողանի վերաբերյալ հնչեցրած քննադատական հայտարարությունների պատճառով։ Հայցվոր կողմը պահանջել էր 250․000 (35.000 ԱՄՆ դոլար) թուրքական լիրայի փոխհատուցում։
Գործը քննել է Անկարայի առաջին ատյանի դատարանը։ Դատական եզրափակիչ նիստը կայացել է փետրվարի 4-ին։ Դատարանը, անտեսելով ՄԻԵԴ-ի վճիռը, որոշել է բավարարել հայցվոր կողմի պահանջը մասնակիորեն՝ սահմանելով 100․000 (շուրջ 14․000 ԱՄՆ դոլար) լիրայի փոխատուցում։
Նշենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ Էդողանի անունից հարուցվող դատական գործերը վերջին տասնամյակներում «ավանդույթի» են վերածվել։ Ընդդիմադիր կուսակցապետի՝ Էրդողանի դեմ ուղղված գրեթե բոլոր քննադատական ելույթների առթիվ նրա դեմ դատական գործեր են հարուցվում, որոնք մեծ մասամբ ավարտվում են Քըլըչդարօղլուի պարտությամբ։