
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստան

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ղազախստան՝ մասնակցելու փետրվարի 5-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Ինչպես Ալմաթիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և այլք։
2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով: