Որևէ մեկը ողջամիտ պատասխան ունի՞, թե ինչու է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում, պաշտպանության նախարարությունը ամենօրյա հաղորդագրություններ է տարածում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի մասին, որում ներկայացվում է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում առկա վիճակը՝ հղում անելով ԱԱԾ-ից ստացվող տեղեկատվությանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալվել են 2 ադրբեջանցի զինծառայողները։

Սակայն այս միջադեպը որևէ արտացոլում չի գտել ինչպես ՀՀ ՊՆ հունվարի 30-ի, այնպես էլ, դրան հաջորդող օրերին տարածված ամենօրյա հաղորդագրություններում։

Որևէ մեկը ողջամիտ պատասխան ունի՞, թե ինչու է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Ինչո՞ւ է ՊՆ-ն ապատեղեկատվություն տարածում և նշում, որ հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել այն պարագայում, երբ ադրբեջանցիներ են սահմանը հատել, արդյո՞ք դա միջադեպ չէ։

Նույն հաղորդագրության՝ ԱԱԾ-ին վերաբերող հատվածում ևս, այդ միջադեպի մասին ոչ միայն որևէ բան չկա, այլ նշվում է, որ իրենց պատասխանատվության հատվածում ևս միջադեպ չի գրանցվել։

Ինչի՞ համար եք շաբլոն, ձևական բնույթի հաղորդագրություններ տարածում՝ հանրությանը մոլորեցնելո՞ւ, իրականությունը կեղծելո՞ւ, մարդկանց հիմարի տեղ դնելո՞ւ, ձեր կառույցների հեղինակությունն ու առհասարակ, խոսքն արժեզրկելու համա՞ր։ Ե՞րբ եք վերջ տալու այս անլրջությանը»։

May be an image of one or more people, outdoors and text

May be an image of military uniform, outdoors and text

Տեսանյութեր

Լրահոս