Բաժիններ՝

 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու և էլ ավելի արդյունավետ դարձնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար առաջնահերթություն է տարբեր ուղղություններով բարեփոխումների շարունակական իրականացումը և այդ գործում մեր երկիրը կարևորում է Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը:

Դեսպան Սվենսոնը շեշտել է իր երկրի պատրաստակամությունն ու նպատակադրումը՝ էլ ավելի ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր բնագավառներում և նպաստելու մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Դեսպանի խոսքով՝ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ևս Շվեդիան մեծապես կարևորում է Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչումը, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը և Պատրիկ Սվենսոնը նշել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է շվեդական բիզնեսի ներգրավմանը մեր երկրի տնտեսական դաշտում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և նշել, որ Հայաստանի օրակարգում առաջնահերթություն է հումանիտար խնդիրների լուծումը, մասնավորապես գերիների հետ վերադարձի ապահովումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության գործում միջազգային վերահսկողության անհրաժեշտությունը՝ տարբեր մեխանիզմների միջոցով:

Դեսպան Սվենսոնի խոսքով՝ Շվեդիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու և հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը հասնելու գործում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս