«Ադրբեջանցիների վերադարձն անհնար է դարձնելու Արցախի հայության կեցությունն իրենց պատմական հայրենիքում». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտում ՝ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին 8-րդ կետից առաջ, 7-րդ կետով ամրագրված է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: 168.am-ի հետ զրույցում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է իրագործելու համար այս կետը:
«Քանի դեռ Հայաստանում շարունակում է իշխել դավաճանների այս իշխանությունը, ապա միանշանակ դա կյանքի է կոչվելու, և կարծում եմ, որ շատ մոտակա ժամանակներում: Կարելի կլինի այդ կետից խուսափել, եթե տեղի ունենա իշխանափոխություն, և հայկական երկու պետությունների շահերը ներկայացնեն իրապես ազգային և պետականամետ մտածողություն ունեցող մարդիկ: Ադրբեջանցիներն արդեն իսկ հրապարակել են, որ պատրաստել են մոտ 12 հազար հոգանոց ցուցակ, եթե չեմ սխալվում, դա՝ միայն Մարտակերտ ուղարկելու նպատակով: Ադրբեջանն այդ պրոցեսն իրականացնում է, նրանք առաջ են շարժվում այդ օրակարգով, ցավոք սրտի, հայկական կողմը բոլոր հարցերում ենթարկվում է ադրբեջանական օրակարգին»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը պնդեց, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, 7-րդ կետի իրագործման հետ կապված՝ լավատեսության որևէ հիմք լինել չի կարող:
«Այս իշխանությունը կատարելու է Ալիևի պահանջը, դա միանշանակ է»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Հունվարի 20-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ստո՞ւմ էր, երբ ասում էր, որ հոկտեմբերի 19-ին առաջարկել է շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը՝ Շուշին հայկական վերահսկողության ներքո պահելով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց կասկածելի ենթատեքստ ունեցող հարցով՝ «90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է՝ իր այդ կարգավիճակո՞վ»:
Արդյոք պե՞տք չէր օգտագործել ստեղծված հնարավորությունը՝ անգամ Շուշիի՝ 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունենալու հավանական սցենարի պարագայում:
«Պետք էր, միանշանակ պետք էր: Փաշինյանն ինչպես միշտ ստում է՝ ասելով, որ այդ կերպ 90 տոկոս բնակչությունը լինելու էր ադրբեջանցիներ: Դա այդպես չէ, իհարկե, Ադրբեջանը ձգտելու էր հնարավորինս շատ մարդ բերել, բայց նույն խնդիրը առաջանում է իրենց համար, երբ քաղաքը լինում է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, բնականաբար, հեշտ չի լինելու ադրբեջանցիներին գալ և տեղավորվել նման բնակավայրերում, որը վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից: Փաշինյանը մի կողմից՝ այդպես է ասում Շուշիի մասին, մյուս կողմից՝ ըստ էության համաձայնել է ադրբեջանցիների վերադարձին հայկական վերահսկողության տակ գտնվող Մարտակերտի շրջան, կամ Արցախի այլ շրջաններ: Օրինակ, նույն Իվանյան (Խոջալու), որտեղ պատերազմից առաջ հայկական բնակչություն չկար, և ի՞նչ է դա նշանակելու, հիմա վերադառնան, դա դառնալու է ադրբեջանակա՞ն: Սա պայքար է, այդ պայքարում ամեն մի սանտիմետր քառակուսի (սմ2), ամեն մի բնակիչ ստրատեգիական նշանակություն ունի: Եթե նպատակ կար մեր պետության, մեր իշխանությունների առջև դրված՝ Արցախը պահել հայկական, ապա նրանք պետք է պայքարեին այդ ամեն մի հնարավորության համար: Իսկ հիմա, ըստ էության, մենք տեսնում ենք, որ իրենք այլ խնդիր են լուծել, ամեն ինչ արել են, որ Արցախը հանձնվի թշնամուն, ու այդ հարցում շատ մեծ հաջողությունների են հասել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանն ակտիվ զբաղվում է նաև հայկական զինված ուժերն Արցախից հանելու ուղղությամբ:
«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ մենք Արցախում չունենանք զինված ուժեր, ըստ էության, այդ հարցում էլ արդեն իսկ այնպիսի դժվարություններ ու բարդություններ են ստեղծել Արցախի իշխանությունների համար, որ, կարելի է ասել, նաև այդ խնդրով լուրջ հաջողություններ ունեն նրանք»,- ասաց քաղաքագետը:
Ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձի պարագայում ինչպիսի՞ դեմոգրաֆիկ պատկեր կունենանք Արցախում, և արդյոք հայկական կողմը հնարավորություն կունենա՞ ռևանշի:
«Ադրբեջանցիների վերադարձն անհնար է դարձնելու Արցախի հայության կեցությունն իրենց պատմական հայրենիքում, հետագայում ենթադրելի է նաև Ադրբեջանի ավելի մեծ ներգրավվածություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կյանքում, բնականաբար, նաև հիասթափության այն ալիքը, որ կբարձրացնի Արցախում, ցավոք սրտի, այդ ամենը կգումարվի իրար և պատճառ կդառնա, որ արցախահայությունը պարզապես լքի Արցախը: Ադրբեջանը դա հասկանում է և ամեն ինչ անում է, որ հետագայում մենք ռևանշի որևէ հնարավորություն չունենանք: Ալիևը դա անում է ոչ միայն դեմոգրաֆիկ քաղաքականության միջոցով, այլև տարբեր գործիքներ կիրառելով, դեմոգրաֆիան դրա մեջ կարևոր նշանակություն և տեղ զբաղեցնող գործիք է»,- ասաց քաղաքագետը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հենց այս կետի իրագործման մասին էր խոսում, երբ օրեր առաջ իր հանդիպումներից մեկի ժամանակ ասել էր, որ դեռ «դժվար որոշումներ պետք է կայացնենք», Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց.
«Ես կարծում եմ, որ նաև դրա մասին էր խոսում Արայիկ Հարությունյանը: Չնայած, անկեղծ ասած, մեզ համար դժվար է կանխատեսել, թե է՞լ ինչ տհաճ անակնկալ կմատուցեն Արցախի և Հայաստանի իշխանությունները մեր ժողովրդին: Ես տեսնում եմ, որ հայկական երկու պետությունների ղեկավարները հետևողականորեն ենթարկվում են Ադրբեջանի անտրամաբանական պահանջներին, և բոլոր այդ որոշումներն էլ, ըստ էության, չափազանց դժվար և ծանր են: Չեմ հավատում Արցախի նախագահի այն խոսքին, որ ինքը պետք է քննարկի այդ դժվար կայացնելիք որոշումները ժողովրդի հետ: Մենք տեսնում ենք, որ իրենք արդեն իսկ առանց քննարկելու, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, դավաճանաբար զիջել են թշնամուն մեր հայրենիքի զգալի մասը»: