ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության կամ լրտեսության համար սահմանել 20 տարի կամ ցմահ ազատազրկում

Խորհրդարանում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն հեղինակել են ԲՀԿ-ական պատգամավորներ Վահէ Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը։

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ օրենքի նախագիծը վերաբերում է  պետական դավաճանություն և լրտեսություն կատարած անձանց  նկատմամբ պատժամիջոցները խստացնելուն։

«Պետական դավաճանությունը և լրտեսությունը չենք կարող այլ հանցանքների հետ համեմատել, որովհետև այն վնասները, որոնք թողնում են պետական դավաճանությունը և լրտեսությունը ՀՀ-ի և մեր ժողովրդի համար, համեմատությունների մեջ չի կարելի դնել։ Օրինակ՝ թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա կազմակերպություններին կամ անձանց պետական գաղտնիք հանձնելը,   թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը և այլն»,- ներկայացված նախագիծն այսպես հիմնավորեց Վ. Էնֆիաջյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նախագիծը քննարկել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, գրություններ է ուղարկել ԵՊՀ-ի իրավաբաններին, Գիտությունների ազգային ակադեմիային, Փաստաբանների պալատին, ԱԱԾ, Ոստիկանություն՝ նրանց կարծիքն իմանալու համար։

«2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկան պետական դավաճանության կամ լրտեսության դեպքեր՝ ի ցույց դնելով իրավական կարգավորումներում առկա բացերը:

Վերոնշյալ դեպքերը ցույց են տալիս, որ ներկայիս կարգավորումները չեն կանխարգելում պետական դավաճանության կամ լրտեսության իրականացումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում որպես կանխարգելող գործոն՝ սահմանել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված խիստ պատժի չափը՝ քսան տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։

ՀՀ 2003 թվականի ապրիլին «Պետական դավաճանության մասին» օրենքում» սահմանվում է  պետական դավաճանության համար 10-15 տարի ազատազրկում, մենք առաջարկում ենք այն փոխարինել 20 տարով կամ ցմահ ազատազրկմամբ»,- հավելեց պատգամավորը:

Ընդմիջումից հետո հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին օրենքի նախագծին։

Տեսանյութեր

Լրահոս