«Պարգևավճարների մասին խոսակցությունը բոլորին ծնգըլ է արել»․ Ալեն Սիմոնյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ ամբիոնից ասաց. «Այստեղ մեզ մեղադրում են 2 տարվա մեջ ինչ-որ չարածների մեջ: Այո, չարեցինք, որոշ մարդկանց «Bentley»-ները, դղյակները չհասցրինք 2 տարվա մեջ սարքենք ԱԹՍ: Այո, մեղավոր ենք: Կուղղենք, էդ էլ կուղղենք»: Ելույթից հետո հարցրինք՝ ինչո՞ւ «Bentley»-ներն ու «դղյակները» չեն սարքել ԱԹՍ, եթե ԱԹՍ դառնալու ենթակա էին: «Դա մեր սխալն է եղել, օրենքի առումով բավականին թավիշ է եղել, որը սխալ է, պետք է վերաբերմունքը շատ ավելի խիստ և շատ ավելի արագ լիներ»,- ասաց նա:
-Ձեր սխալի պատճառով մենք, փաստորեն, ԱԹՍ չենք ունեցել, փոխարենը ունեցանք բազմաթիվ զոհեր, Արցախի կորուստ:
-Չէ, խոսքը նրա մասին է, որ 30 տարի մեր թշնամին նավթադոլարներով զինվել է, իսկ մենք կոկոշներից ենք խոսել, կոկոշներ ենք կախել՝ էն կանսերվի բանկեքը, ու էդ փողը գնացել է կոնկրետ մարդկանց հարստացմանը:
-Դուք էլ այդ ընթացքում պարգևավճար եք բաժանել:
-Իմիջիայլոց, պարգևավճար նախկինում էլ է եղել, նենց չի, որ չի եղել, էսօրվա շատ ու շատ ընդդիմադիր գործիչներ էլ ստացել են պարգևավճարներ, ու չի կարելի, ասենք, 100 հազար դրամը նույնացնել 100 հազարավոր դոլարների հետ:
-100 հազար դրամ չէ, 100 հազարավոր դոլարների պարգևավճար եք բաժանել:
-Չէ, խոսքը գնում է նրա մասին, որ 700 հոգանոց աշխատակազմի մի տարվա վճարը դուք գումարում եք իրար, բաժանում եք ու սարքում եք դոլարային, ի դեպ, շատ վաղուց էդ Ձեր ասած պարգևավճարները որևէ մեկը չի ստանում, բայց դրա մասին շարունակում են խոսել:
-Ստանում են՝ Էկոնոմիկայի նախարարությունն էլ, ՊԵԿ-ն էլ ստացել են պարգևավճար:
-Պետք է ստանան, որովհետև լավ են աշխատում, եթե իրենք կարողանում են էդ ժամանակահատվածում պետական մուտքերն ավելացնել, այո, պետք է ստանան:
-Պատերազմի ժամանա՞կ:
-Եթե կարողանում են լավ գործ անել նույնիսկ պատերազմի ու համաճարակի ժամանակ, պետք է խրախուսվեն:
-Իսկ ո՞վ է գնահատում լավն ու վատը, չտեսանք լավ աշխատանքը:
-Պետությունն է գնահատում, երբ որ դու մուտքերը շատացնում ես, ակնհայտ է, որ դա լավ աշխատանքի հետևանք է: Ու էդ խոսակցությունն արդեն բոլորին ծնգըլ է արել:
-Մեզ էլ է ծնգըլ արել՝ գրում ենք, բայց դուք շարունակում եք ստանալ:
-Ես չեմ ստացել:
-Ես ձեր թիմը նկատի ունեմ, ոչ անձամբ Ձեզ:
-Դե, հիմա… Կրկնում եմ, եթե ՊԵԿ-ը կարողանում ա ՀՀ բյուջե, որը զենք ա գնում, հավելյալ գումարներ ներգրավի, չի գողանում, կաշառք չի վերցնում, ես պատրաստ եմ…
-Բա ո՞ւր են այդ գումարները, ինչո՞ւ զենք չեք գնել այդ գումարով:
-Գնել ենք, էնքան զենք ենք գնել, որ Ալիևը զարմանում էր, դուք էլ ձեր թերթում գրում էիք, չէ՞…
-Մարդիկ հաշվել էին, որ 1 տարվա ընթացքում դուք ավելի շատ պարգևավճար եք ստացել, քան հակակոռուպցիոն գործընթացներով գումար հետ բերել բյուջե:
-Ուրեմն էդ մարդիկ թող իմանան, նախ՝ ո՞վ ա էդ հաշվարկն անողը, երկրորդը, որ դրա մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, հաճախ է լինում, որ իրենց բավականին լուրջ լրատվամիջոց համարողը սեպտեմբերի նյութը, նկարն ու վերնագիրը մի քիչ ձևափոխում են ու էլի դնում կայքում: Ինչ վերաբերում է պարգևավճարին, հերիք է՝ անընդհատ, էս վեց ամիս է՝ էդ պարգևավճարների թեման է»։