Հայրս զոհվել է Ջաբրայիլում, պատերազմի առաջին օրը, մարմինը մինչև հիմա չեն գտել. հադրութցի
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տունն ու ունեցվածքը կորցրածների թվում է նաև հադրութցի 23-ամյա Անիի ընտանիքը:
Նրանք տեղափոխվել են Երևան, սակայն չգիտեն՝ ինչպես են վերականգնելու կորցրածը, ինչպե՞ս են աշխատանք գտնելու և ամեն ինչ զրոյից սկսելու:
«Հադրութից սեպտեմբերի 29-ին ենք եկել: Ոչ մի բան չենք վերցրել մեզ հետ, չէինք պատկերացնում, որ պատերազմն այսպես է լինելու, ու հետ չենք դառնալու: Անտառում ենք մեկ օր թաքնվել, հետո ուղիղ Երևան ենք եկել: Տուն-տեղ, ամեն ինչ կորցրել ենք: Հիմա Երևանում ենք ապրում, հանրակացարանի նման մի տեղ է, նոր ենք տեղափոխվել այստեղ, իսկ նախքան դա՝ վարձով էինք մնում, սակայն չկարողացանք գումարը վճարել, դրա համար եկանք այստեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անին:
Նա հայտնեց, որ պետության կողմից ստացել են սոցիալական աջակցության 300.000-ական դրամը, և վերջ: Մնացած հարցերում ոչ ոք չի օգնել:
«Հայրս զոհվել է Ջաբրայիլում, պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, 45 տարեկան էր, զինվորական: Դեռ կարգավիճակ չեն տվել, որ հայրս զոհվել է: Մարմինը մինչև հիմա չեն գտել»,- նշեց Անին:
Մասնագիտությամբ բանասեր 23-ամյա աղջիկը հայտնեց, որ մասնագիտությամբ չի աշխատել, բայց ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորտներում աշխատանք է փնտրում:
«Եղբայրներս էլ ուսանող են: Մենք ոչ այնքան սննդի, ինչքան հագուստի, անկողնային պարագաների, տնտեսական իրերի կարիք ունենք: Սնունդը տրամադրում են, դրանից բացի՝ ոչինչ չեն տրամադրում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Ընտանիքին օգնելու համար գործում է հետևյալ հաշվեհամարը, որը Անիի մայրիկի անունով է՝ Բուդաղյան Կատյա Լևոնի, «Արցախբանկ» 22307032662200: