Իտալիայի նախագահը տնտեսագետ Դրագիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան փետրվարի 3-ին Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախկին ղեկավար Մարիո Դրագիին հանձնարարել է ձեւավորել երկրի նոր կառավարություն: Այդ մասին հաղորդել է Կվիրինալի պալատի գրասենյակը:
«(Իտալիայի) նախագահ Սերջո Մատարելլան այս առավոտյան հանդիպում է ունեցել պրոֆեսոր Մարիո Դրագիի հետ, որի ընթացքում նրան հանձնարարել է կառավարություն ձեւավորել»,-գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է Rai հեռուստաալիքի եթերում:
Մատարելլան որոշել է այս քայլին գնալ կառավարող կոալիցիայի ներսում ստեղծված ճգնաժամի պատճառով, որը հանգեցրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի պաշտոնաթողությանը:
Անցած շաբաթ Մատարելլան հանձնարարել էր խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Ռոբերտո Ֆիկոյին՝ կոնսուլտացիաներ անցկացնել եւ որոշել՝ կարելի է արդյոք հաղթահարել տարաձայնությունները կոալիցիայի ներսում եւ ձեւավորել այնպիսի կառավարություն, որը կկարողանա հույսը դնել խորհրդարանի կայուն մեծամասնության աջակցության վրա: Միեւնույն ժամանակ քննարկվել է ինչպես Կոնտեի տարբերակը՝ նախարարների խորհրդի գլխավորությամբ, այնպես էլ այն տարբերակը, որի դեպքում վարչապետ կդառնար մեկ ուրիշը:
Արդյունքում Ֆիկոն փետրվարի 2-ի երեկոյան Մատարելլային զեկուցել է, որ չի կարողացել գտնել այն տարբերակը, որի դեպքում կպահպանվեր ձախ կուսակցություններից եւ «5 աստղ» շարժումից բաղկացած կառավարող կոալիցիան: Մատարելլան համաքաղաքացիներին հղած ուղերձում պարզաբանել է, որ ճիշտ չի համարում այժմ խորհրդարանի վաղաժամկետ ընտրությունների անցկացումը, քանի որ ներկայում Իտալիան վերապրում է կորոնավիրուսի հերթական ալիքը, ինչպես նաեւ համավարակով պայմանավորված տնտեսական մեծ դժվարությունները: Նախագահն ընդգծել է, որ նախընտրական արշավի գործընթացը եւ ընտրություններից հետո կոալիցիայի ձեւավորումը սովորաբար ձգձգվում է ամիսներով: Ուստի Մատարելլան ներկա իրադրության պայմաններում չի ցանկանում ընտրություններ եւ համառորեն պնդում է՝ անհապաղ կառավարություն ձեւավորել Իտալիայի առավել սուր խնդիրները լուծելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: