Գիտեմ բարդ է լինելու ուղեգիր նվաճել, բայց վստահաբար կարող եմ. Լևոն Աղասյան
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ և առաջատար Լևոն Աղասյանը մարզումներն անցկացնում է Երևանում և սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:
«Մարզավիճակի պահպանումը կապված է մրցաշարերի մասնակցությամբ, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բաց ենք թողնում մի շարք մրցաշարեր: Օրեր առաջ պետք է մասնակցեինք Ղազախաստանում կայանալիք միջազգային մրցաշարին, բայց չկարողացանք հասնել մրցավայր համաճարագով պայմանավորված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մարզիկը:
Աղասյանի խոսքով` նա այժմ նախապատրաստվում է Լեհաստանում մարտին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: «Նպատակ ունեմ առաջիկա մրցաշարերից մեկում նվաճել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիրը: Գիտեմ բարդ է լինելու ուղեգիր նվաճել, բայց վստահաբար կարող եմ: Մեծ աշխատանք եմ կատարում հիմա Եվրոպայի առաջնությանը լավ մարզավիճակում մոտենալու համար»,-շեշտեց նա:
Այս օրերին Աղասյանն իր մարզումներն անցկացնում է Երևանում` «Սպարտակ» մարզահամալիրում: «Թեպետ պայմանները շատ լավը չեն, բայց համեմատելով Կապանի մեր պայմանների հետ, կարող եմ ասել, որ այստեղ գոնե մարզվում ենք»,-շեշտեց նա:
Հավաքականը թիմը մինչ մարտին նախատեսված Եվրոպայի առաջնությունը պլանավորում է նաև արտասահմանում ուսումնամարզական հավաք անցկացնել: