«Թշնամուն հանձնված են Արցախի շրջանները, պետք է Արցախի բնակչությունը պահպանենք Արցախում՝ ռուս խաղաղապահների օգնությամբ». Իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը և ռուս խաղաղապահները, որոնք Հայաստանի «ստրատեգիկ բարեկամներն» են, հնարավորություն են տվել Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովել երկար ժամանակով և այդ ժամանակաշրջանը փորձել օգտագործել տարբեր խնդիրներ լուծելու համար:

«Նրանք, ովքեր այդ խաղաղության հնարավորությունը, որի ընթացքում մենք կարող ենք պատրաստվել, հզորանալ և մեր ձայնը լսելի դարձնենք տարածաշրջանում, խեղաթյուրում են և անհապաղ պատերազմի կոչեր են անում, մեզ սպառնում են պատերազմով, նրանք աշխատում են Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Անուշ Բեղլոյանը:

168.am-ի հարցին՝ Արցախում այսօրվա վիճակը խաղաղությո՞ւն է համարում, երբ թե՛ այնտեղ, թե՛ Սյունիքում մարդիկ վախենալով են տանից դուրս գալիս, Անուշ Բեղլոյանը պատասխանեց, որ դա համարում է զինադադար, որը կարող է լինել խաղաղ ապրելու սկիզբ, և որի ընթացքում Հայաստանը կարող է հզորանալ:

Նա նաև ընդգծեց, որ ադրբեջանցիների և թուրքերի մասնակցությամբ սեմինարի ժամանակ, ի պատասխան երկու երկրների կոչերին, որ Հայաստանը պետք է վստահի Թուրքիային, ասել է, որ քանի դեռ Թուրքիան զորավարժություններ է անում, չի կարծում, որ Հայաստանի համար Թուրքիան կարող է լինել վստահելի գործընկեր:

168.am-ի հարցին, իսկ զորավարժություններից զատ, առհասարակ Թուրքիան կարո՞ղ է Հայաստանի համար դառնալ վստահելի գործընկեր, Անուշ Բեղլոյանը պատասխանեց.

«Ոչ, ես դա ասել եմ, որ Թուրքիան չի կարող վստահելի գործընկեր լինել, քանի դեռ Թուրքիան իրականացնում է այն քաղաքականությունը, օրինակ բերելով վերջին զորավարժությունները: Այս պահին թշնամուն հանձնված են, պատերազմով հանձնված են Արցախի շրջանները,  և այս պահին մենք պետք է Արցախի բնակչությունը պահպանենք Արցախում՝ ռուս խաղաղապահների օգնությամբ»:

Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որ Նիկոլ Փաշինյանի և Վաղարշակ Հարությունյանի համաձայնությամբ Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծվելու է, Անուշ Բեղլոյանն ասաց, որ դրա հետ կապված հարցերը պետք է ուղղել Պաշտպանության կոմիտեին, նախարարին:

168.am-ի հաջորդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արած հայտարարությունն ինքն ինչպե՞ս է ընկալել, Անուշ Բեղլոյանը պատասխանեց, որ այդ հարցով պետք է դիմել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակին:

«Վարչապետի մեկնաբանությունները բազմաթիվ են դրա վերաբերյալ: Շուշան, Շուշին պատմական քաղաք է, որը հիմնվել է հայերի կողմից, որը Արցախի սիրտն է, հպարտությունն ու գեղեցկությունն է, որը ռազմական գործողությունների արդյունքում անցել է ադրբեջանական զորքի հսկողության տակ»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս