8 թե 9 պատգամավոր, որոնք Արցախ են գնացել՝ ստացել են օրապահիկներ, գործուղումային գումարներ. Գեղամ Նազարյան
«Իմ որդին՝ Աբգարը, մյուս տղերքը՝ Գոռը, Տիգրանը, Դավիթը, Մենուան, զոհվեցին հիմնականում թշնամական ԱԹՍ-ի և հրթիռների հարվածներից: Չունեին պաշտպանիչ միջոցներ, մեր տղերքին հրամանով հանում և ուղարկում էին այնպիսի տեղեր, որտեղ անգամ խրամատներ չկային: Բայց դրա հետ մեկտեղ, մենք ունեն փաստ, որ պատերազմական օրերին 8 թե 9 պատգամավոր, որոնք Արցախ են գնացել՝ ստացել են օրապահիկներ, գործուղումայիններ,- ասուլիսի ժամանակ ասաց «Ճշմարտություն՝ սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը՝ շարունակելով,- Դուք հասկանո՞ւմ եք իրենց անբարոյականության սահմանը: Երբ մեր տղերքը զոհվում էին, վիրավորվում, սահման էին պահում, Արարատ Միրզոյանը, Շիրակ Թորոսյանը, Լուլուն, Հրաչ Հակոբյանը գործուղումայինը ստացել և գնացել են Ստեփանակերտի կենտրոնում մնացել են: Ես դա ֆիքսել էի և հարցազրույցներից մեկում մեկ անգամ ասացի, որ ինձ համար տարօրինակ է, որ Ստեփանակերտի կենտրոնը չի ռմբակոծվում: Վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն էլ այդ մասին շեշտեց: Իրավապահ մարմինները պետք է հատուկ քննության առարկա դարձնեն՝ ի՞նչն է պատճառ եղել, որ թշնամին թիրախավորում է Շուշիի եկեղեցին, մշակույթի տունը, մարդկանց տները՝ տարբեր բնակավայրերում և գյուղերում, ֆոսֆորային զենք է օգտագործում անտառները վառելու համար, բայց չգիտես ինչու՝ գորովանք է ցուցաբերում Ստեփանակերտի կենտրոնի մի քանի շենքերի նկատմամբ»:
Նա տեղեկացրեց, որ սա նաև փաստահավաք խումբ է, քանի որ հսկայական ինֆորմացիա է հավաքվում, իրավաբանների օգնությամբ այնպիսի տեսք է ստանալու, որ հանձնեն իրավապահներին:
«Թիվ մեկ մեղադրյալները լինելու են Նիկոլն ու Աննան, և այսօր ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ հատուկ ուշադրություն դարձնեն և երկրի սահմանները փակեն այդ ընտանիքի առջև, որովհետև Աննա Հակոբյանը եղել է բունկերում, կառավարման կենտրոնում: ԱԱԾ-ն պետք է այնտեղ եղած քաղաքացիական անձանց հեռախոսների ելքային, մուտքային զանգերը վերծանի, հաղորդագրությունները՝ նույնպես: Անհասկանալի հայտարարությունը, որ Աննան բարոյական աջակցություն էր ցույց տալիս, դա այդպես չի, չէ՞: Նրա՝ այնտեղ գտնվելու հետևանքով ունեցել ենք ծանր կորուստներ: Եվ հիմա, մոսկովյան վոյաժներից հետո Աննան հայտնվել է ԱՄՆ-ում: Ես մեր ամերիկահայերին, Եվրոպայում, Ռուսաստանում ապրող հայերին մեր զոհված տղերքի, վիրավորների ծնողների անունից կոչ եմ անում՝ լումա անգամ չտաք դրանց»,- ասաց նա: