Պետք է պահանջենք, որ այդ 2 ընտանիքները հավաքեն իրենց իրերն ու դուրս գան կառավարական առանձնատներից. Գեղամ Նազարյան
«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այլևս չկրկնվի այն, ինչ եղավ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում»,- ասուլիսի ժամանակ ասաց «Ճշմարտություն՝ սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը՝ խոսելով «Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին» ծրագրի մասին:
«Այսօր Երևանի տարածքում կա մի գեղեցիկ, բավական մեծ անկյուն՝ 9 առանձնատնով, կից սպասարկող կառույցներով, որտեղ այսօր պատսպարվել, թաքնվել են ժողովրդից երկու ընտանիք, որոնք, այսպես ասեմ՝ անցանկալի անձինք են մեր պետության համար: Անկախ նրանից, թե երբ տեղի կունենա իշխանափոխություն, մինչ այդ պետք է պահանջենք, որ այդ ընտանիքները հավաքեն իրենց իրերը և դուրս գան այդ առանձնատներից, որոնց վրա տարեկան մեր՝ հարկատուների հաշվին ծախսվում է միլիարդից ավելի գումար՝ պահպանության և այլ ծախսեր իրականացնելու համար: Հիմա հարց՝ մեր պետությունը, այս փորձության միջով անցնելով՝ ինչո՞ւ պետք է այդ ահռելի ռեսուրսները, այդ հրաշք տարածքը տրամադրի այդ երկու ընտանիքին, որոնց ղեկավարների թե՛ մտածված, թե՛ տգիտության արդյունքում մենք ունեցանք տարածքային հսկայական կորուստներ,մարդկային ահռելի կորուստներ, ինչո՞ւ պետք է մնան այդտեղ: Զոհված զինծառայողների ընտանիքների անունից, զինծառայողների անունից կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ այդ երկու ընտանիքին, արագ հավաքեք ձեր իրերը և հեռացե՛ք, այն պետք է դառնա բարձր մակարդակի բժշկական կենտրոն, որտեղ պետք է օգնություն ստանան հազարավոր մեր տղերքը, որոնք վիրավոր են, հաշմանդամ են դարձել, ունեն բժշկական տարբեր ծառայությունների, պրոթեզավորման կարիք: Վստահեցնում եմ՝ երբ այդ տարածքը կհանձնվի զինվորին, նրանց ընտանիքներին, կգտնվեն բարերարներ, որոնք կօգնեն բարձր մակարդակի պրոթեզավորման կենտրոն հիմնելու համար: Այնտեղ պետք է լինի բարձր մակարդակի հոգեբանական ծառայություն: Վերջին հաշվով, այնտեղ պետք է վերականգնողական փուլ անցնեն հրաշքով ողջ մնացած մեր զինվորները, որոնք այսօր հոգեբանական ծանր վիճակում են»,- ասաց Գեղամ Նազարյանը:
Նա նշեց, որ այս առաջարկին իրենց աջակցությունն են հայտնել որդեկորույս Կարին Տոնոյանը, Դավիթ Ամալյանը և մի շարք դերասաններ, երաժիշտներ, բժիշկներ:
«Որքան հրաժարականն ուշանա, այնքան ատելությունն ավելի է մեծանալու, խնդիրները հանգիստ լուծելու տարբերակները նվազելու են: Մոռացեք այն մասին, որ հանկարծ զոհվածների ծնողները լռելու են, մոռանալու են իրենց վիշտը: Ո՛չ, պե՛տք է պատասխան տան, և մեր Նյուրնբերգն անպայման տեղի է ունենալու, և ես Նիկոլին ու Աննային կոչ եմ անում օր առաջ պատրաստվել այդ դատավարությանը, և իրենք թող նախաձեռնեն, որ դա օր առաջ լինի, որովհետև Աննան ու Նիկոլը սպանեցին իմ Աբգարին, մեր աբգարներին, բայց ես ուզում եմ, որ նրանց երեխաներն ապրեն հանգիստ, և դրա համար մի կարևոր գործոն կա՝ այդ դատավարությունը պետք է օր առաջ սկսվի»,- նշեց նա: