Թուրքիայի իշխանությունները պետք է գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը խստորեն դատապարտում է Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Այս մասին նշում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ լրատվամիջոցների կողմից նրան ուղղված հարցին ի պատասխան:

-Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: Եվ երկրորդ հարցը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Հայաստանին՝ «խորհուրդ տալով դաս քաղել»: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունն այս երկու հարցերի առնչությամբ:

-Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 մլն 300․000 թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։

Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել:

Ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին:

Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս