Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմության լիդերների հետ հանդիպման մասին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդդիմության լիդերների երեկվա հանդիպումից հետո որևէ փոփոխություն իրենց ծրագրերում չի եղել:
««Հայրենիքի փրկության շարժումը» շարունակելու է գործունեությունը, որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Ավելի մեծ թափով շարունակելու ենք մեր գործունեությունը, մինչև հասնենք այս չարիքի՝ կառավարության հեռացմանը»,- ասաց Սաղաթելյանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով՝ իրենք կգնան արտահերթ ընտրությունների միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից և ժամանակավոր կառավարության ստեղծումից հետո:
«Որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրություններին, բայց դրանք չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ»:
Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե ընդդիմությունը պառակտվում է, Սաղաթելյանն ասաց.
«Ոչ մի պառակտում չկա, ամեն բան նորմալ է, մեր աշխատանքներն ամբողջ հունով շարունակվում են: Մարզեր այցերը չեն դադարեցվել, ամեն ինչ շարունակվում է»: