Բաժիններ՝

Բոլոր գյուղերի բնակիչները կկարողանան դեղորայք պատվիրել Հայփոստի փոստային բաժանմունքներում

Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել և առավելագույնը երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում:

Հայփոստը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության լիցենզիա: 2020թ. դեկտեմբերին Հայաստանի մարզերի 10 գյուղերում սկսվել էր պիլոտային ծրագիրը: Այսօր արդեն ծրագիրը գործում է բոլոր մարզերի բոլոր 757 փոստային բաժանմունքներում:

«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո ամռանը մեկնարկած Հայփոստի զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել ինչպես պետական, ֆինանսական, բանկային, այնպես էլ կոմերցիոն մի շարք ծառայություններ:

Էական է, որ Հայփոստում պատվիրված դեղերի գինը նույնն է, ինչ Երևանի դեղատներում:

«Այս նախաձեռնությունը բավական լուրջ սոցիալական խնդիր է լուծում մարզերի հատկապես գյուղական վայրերի բնակիչների համար: Սա է պատճառը, որ տասը գյուղական բնակավայրերում մեկուկես ամիս առաջ մեկնարկած պիլոտային ծրագիրը հնարավորինս արագ վերջնական տեսքի բերվեց և այժմ Երևանից բացի, բոլոր բնակավայրերի փոստային բաժանմունքներում հնարավոր է պատվիրել և առավելագույնը երեք օրում ստանալ այդ դեղորայքը տեղում: Երբեմն որոշ դեղորայք չի լինում նույնիսկ մարզկենտրոնի դեղատներում, երբեմն հնարավոր չէ ամենապարզ դեղերն անգամ ձեռք բերել, որովհետև տվյալ գյուղում չկա դեղատուն: Այժմ խնդիրը կլուծվի ընդամենը Հայփոստի բաժանմունք այցելելով և պատվիրելով անհրաժեշտ դեղորդայքը: Ի դեպ, շատ շուտով Հայաստանում, Հայփոստի միջոցով հնարավոր կլինի դեղեր պատվիրել արտասահմանից, նույնիսկ բավական դժվար գտնվող և թանկարժեք դեղեր»,- նշում է Հայփոստի տնօրեն Հայկ Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս