Բաժիններ՝

Երիտասարդները Երևանի տարբեր շրջաններում գեղեցկության սրահներից գողացել կամ փորձել են գողանալ մազահեռացման սարքեր

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Երևանի Սարի թաղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ հունվարի 26-ին գողություն է կատարել: Տվյալները ստուգելուց հետո տղան բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանեց արարքը: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա, միայնակ և այլ անձանց հետ, կատարել է նաև այլ հափշտակություններ, որոնց մի մասը մնացել է միայն փորձ:

Երիտասարդը մայրաքաղաքի տարբեր շրջաններում գեղեցկության սրահներից գողացել կամ փորձել էր գողանալ մազահեռացման սարքեր, մի դեպքում հափշտակել, մեկ այլ դեպքում` միայն փորձել էր վաճառակետերից տանել դրամարկղեր, նաև փորձել էր գողանալ վճարային տերմինալ, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել:

Պարզվել է նաև, որ անցած դեկտեմբերի 29-ին նա, երեք հոգու հետ, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցի բակերից մեկում կայանված մեքենայից գողացել է համարանիշերը, տեղադրել իր մեքենայի վրա ու մեկնել Արարատի մարզի Այնթապ գյուղ։ Մի խանութից փորձել էին գողություն անել: Միայն փորձել էին: Այստեղից փախչելով` մտել էին նույն գյուղում գործող մի արտադրամաս, փորձել գողանալ դրամարկղը, ու կրկին ձախողել:

Շարունակելով հետախուզական միջոցառումները և համագործակցելով Մասիսի ոստիկանների հետ, ՔՈԳՎ ծառայողները բերման են ենթարկել ևս մեկ երիտասարդի: Մասիսի բաժնում տղաները խոստովանել են, որ հունվարի 11-ին Մասիսի մի տնից գողացել են 40 հազար դրամ:

Հուսանք, որ այս բացահայտումներով իրավապահները լավ հնարավորություն են տալիս երիտասարդներին` ժամանակին հետ կանգնելու կործանում տանող ճանապարհից ու փորձառություն ձեռք բերելու օրինավոր գործերում:

Տղաները ստորագրությամբ բաց են թողնվել, կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս