Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է, որ համապատասխան բանաձևն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում:

Այս բանաձևը հաջորդել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից ընդունված մեկ այլ բանաձևին, որով նահանգը ճանաչում էր Արցախի անկախությունը և «կոչ անում Դաշնային կառավարությանը ևս ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ հետագայում խուսափելու նման ռազմական ագրեսիայից»:

Օրենսդիր Թոմ Կուցանտոնիսի առաջ քաշած պատմական բանաձևում նաև ասվում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները, որոնք իրականացվում են պանթուրքիստական ազգայնականության քաղաքականության համատեքստում, նախկինում հանգեցրել են ցեղասպանության, իսկ այժմ սպառնում են Արցախի հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել»:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել բանաձևի հեղինակներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր քվեարկել են դրա օգտին:

Տեսանյութեր

Լրահոս