
Վերմիշյանի՝ կալանավայրում «կտտանքների» ենթարկվելու հայտարարության իսկությունը ստուգելու նպատակով նախապատրաստվում են նյութեր. ՔԿԾ

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը երեկ դատարանում, երբ քննվում էր նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը, հայտարարել էր, թե կալանավայրում «կտտանքների» է ենթարկվել․ «8 ժամ հարցաքննվել է, հացադուլի մեջ գտնվելու ժամանակ 2 օր շարունակ ջուր է խնդրել և չի ստացել»:
Ըստ մամուլի հրապարակումների՝ դատական նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանն ընդհատեց Վերմիշյանի խոսքը և դատախազին հարց ուղղեց՝ արդյո՞ք նշված հանգամանքները քննվել են: Հարցին պատասխանեց Վերմիշյանը և ասաց, որ ինքն այդ մարդը չէ, որ նման բանի համար բողոք ներկայացնի, դատավորի մյուս հարցին էլ ի պատասխան՝ ասաց, որ իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի կիրառվել:
168.am-ը Քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանին խնդրեց մեկնաբանել Վերմիշյանի՝ դատարանում արած հայտարարությունը, ինչպես նաև տեղեկացնել, թե ի՞նչ գործողություններ են արվել այդ հայտարարության իսկությունը պարզելու ուղղությամբ, արդյո՞ք նշանակվել է ծառայողական քննություն:
«Կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի կողմից դատարանում հնչեցված հայտարարության իսկությունը ստուգելու նպատակով նախապատրաստվում են նյութեր»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց ՔԿԾ հանրային կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը:
Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանն անազատության մեջ է 2020 թվականի փետրվարի 8-ից: Նա մեղադրվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները խախտելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ ուրիշի` խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու համար: