«Կուզեի, որ իշխանական ներկայացուցիչներն իրականությանը նայեն ուղիղ աչքերով և այդ իրականությունից բխող որոշումներ կայացնեն». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմել էր Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին և խնդրել, որ այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում խմբակցությունների մակարդակով, պետք է նախատեսեն հանդիպում նաև այն պատգամավորների հետ, որոնք ընդգրկված չեն որևէ խմբակցությունում։

«Ի ուրախություն ինձ, իմ դիմումն ըստ էության ունեցավ դրական արձագանք, և դատավորների թեկնածուներն այնպես կազմակերպեցին այդ հանդիպումը, որպեսզի մենք համատեղ ուժերով կազմակերպենք քննարկում։ Մինչ այդ, գուցե անհատ պատգամավորների հետ եղել են անհատական հանդիպումներ, բայց կարծում եմ, որ մենք գտնվում ենք խորհրդարանում, որտեղ, ի վերջո, կայացվում են կոլեգիալ որոշումներ։ Հետևաբար՝ հանդիպումների այս ֆորմատը շատ անհրաժեշտ էր»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Ըստ նրա՝ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները, որքանով հասցրել է այս ընթացքում շփվել նրանց հետ, ունեն ընդհանուր տեսակետներ ու մոտեցումներ։

«Ինձ և իմ գործընկերներին ամենաշատը հետաքրքրում է դատական իշխանության անկախությունը, նաև դատարանների վստահության խնդիրը։ Տարիներ շարունակ մենք խոսում ենք դատական արդարության մասին, արդար դատաքննության իրավունքի մասին, սակայն մինչև այսօր չունենք այն դատարանը, որի մասին երազում էինք, այդ հարցերն էինք քննարկում, թե ինչ ճանապարհով է հնարավոր իրականացնել անկախ, արդար դատարաններ ունենալու այս տեսլականը։ Գոնե մեր երկրում ես չեմ տեսնում այն մարդուն, որը պետք է իրականացներ դատավորների վեթինգ՝ սկսած մտավոր, ինտելեկտուալ կարողություններից, վերջացրած իր անցած անբիծ ճանապարհով»,- հավելեց պատգամավորը։

Անդրադառնալով սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին, սահմանազատման աշխատանքներին, Թագուհի Թովմասյանը նկատեց՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է այն իրողությունները, որում այսօր ապրում են մարդիկ, և ցավալին այն է, որ իշխանական շատ գործընկերներ չեն ցանկանում տեսնել այդ իրողությունները՝ հայտարարելով Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների և այլնի մասին։

«Ցավալի է, որ սա միակողմանի ցանկություն է, և ինչպես արձանագրվում է  Սյունիքում՝ Ադրբեջանի կողմի այդ ագրեսիան ամենևին չի պակասել։ Ադրբեջանական որևէ գործչի մոտ ես չեմ տեսել  հադուրժողականություն հայերի նկատմամբ, նրանք անընդհատ մեզ վերացնելու, մորթելու տեսակետներ ու անհրաժեշտություն են բարձրացնում։ Կուզեի, որ հատկապես իշխանական ներկայացուցիչներն իրականությանը նայեն ուղիղ աչքերով և այդ իրականությունից բխող որոշումներ կայացնեն»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս