«Դա նույնն է, որ Փաշինյանն ու իր կինն Արփիին հանձնեն թուրքին, որ Մարիամի համար «շուբա» գնեն». Արմինե Ադիբեկյան

«Աշխարհի ցանկացած հատվածում, նաև՝ Հայաստանում, տարբեր իշխանություններ են եղել, տարբեր խոստումներ են տվել, որոնք իրականացվել են, մասամբ են իրականացվել կամ չեն իրականացվել. ՀՀ ներկայիս իշխանությունները, երևի, միակն են պատմության մեջ, որ անում են ճիշտ հակառակը՝ ինչ խոստացել են»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ երբ իշխանություններն ասում են՝ պետք չէ վախենալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից, ուրեմն՝ պետք է վախենալ:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ցանկացած գործողություն մեր տարածաշրջանում վտանգավոր է. «Հատկապես, որ Թուրքիան մեր տարածաշրջանում դարձավ լուրջ գործոն: Եթե առաջ նա ուներ խորհրդատվական մարմնի կարգավիճակ, հիմա նա լուրջ մասնակից է, և ես վստահ չեմ, որ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ հայ-թուրքական հարաբերությունները մտնեն կոնֆլիկտային փուլ, Ռուսաստանը՝ որպես Հայաստանի շահերի պաշտպան, պաշտպանի ՀՀ շահերը: Ռուսաստանը ծախելու է մեր շահերը, որ Թուրքիայի հետ հարաբերություն չփչացնի. դա միանշանակ է, ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա, որ այլ կերպ է լինելու»:

Ադրբեջանի հարցերով փորձագետի խոսքով՝ երբ Ռուբեն Ռուբինյանն ասում է, թե Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, առաջանում են մի շարք հարցեր. «Ո՞նց այնպես ստացվեց, որ ադրբեջանցիք կարողացան Խծաբերդին տիրանալ նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածություններից հետո: Այդ ո՞նց այդպես ստացվեց, որ Խծաբերդում գերի վերցված զինվորականներից 5 հոգու վերադարձնում են, բայց մնացածին Ալիևը չի վերադարձնում՝ պատճառաբանելով, որ նրանք նոյեմբերի 9-ից հետո են գերի ընկել, ու մեզ մոտ քար լռություն է: Այդ ո՞նց է այդպես ստացվում, որ, ունենալով 200-ից ավելի գերիներ, դուք սուսուփուս ադրբեջանցի գերիներ եք վերադարձնում, ու մենք դրա մասին իմանում ենք Ռուսաստանի կողմից: Այսինքն՝ երբ ինչ-որ մեկի կողմից հնչում է, որ նրանք ինչ-որ մեկի պաշտպանն են, նրանց այս արարքները պետք է իրենց դեմը դրվի»:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ ճանապարհների բացման վերաբերյալ իշխանությունների բարձրագոչ հայտարարություններին, նա ասաց, որ շատ լավ հասկանում է այդ հայտարարությունների դրդապատճառները.

«Նրանց խոստացել են ամպագոռգոռ պրոյեկտներ, միլիարդների ներդրումներ, որ Հայաստանը տրանզիտից փող է աշխատելու, և Հայաստանի կողմից ընդամենը պետք էր Արցախը հանձնել Ադրբեջանին: Մի քիչ կոպիտ օրինակ բերեմ, որ լավ պատկերացնեք, բայց այն շատ հստակ ներկայացնում է իրավիճակը. դա նույնն է, որ Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ Արփիին հանձնի թուրքին նրա համար, որ Մարիամին «շուբա» գնի: Այսինքն՝ ամենափոքրին, անպաշտպանին, ամենախոցելիին նրանք զոհաբերում են, որ ավելի մեծ հատվածին նրանք կարողանան ինչ-որ նյութական բարիքներով ապահովել: Դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանը դրանից ոչ մի կոպեկ չի ստանալու, որովհետև Ադրբեջանը, առաջին հերթին, դիմելու է միջազգային դատարան և Հայաստանից պահանջի լուրջ ռեպարացիաներ, որը գերազանցելու է մոտավորապես 50 մլրդ դոլարը: Հասկանում եք, չէ՞, որ Հայաստանը այդ փողը չունի և երբևիցե չի ունենալու, դա Հայաստանի բյուջեն է մոտավորապես 10-15 տարվա ընթացքում: Նրանք կասեն՝ եթե փող չունես, մեր պարտքը մինչև չմարես՝ այս տրանզիտը լինելու է անվճար:

Քանի որ դու փող չես ստանում, դու ներդրում չունես այդ պրոյեկտների մեջ, հետևաբար՝ դու իրավունք չունես հսկել: Հսկելու են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Հայաստանի փոխարեն՝ կհսկի Ռուսաստանը, այսինքն՝ Հայաստանն այնտեղ առհասարակ չկա եկամուտ ստանալու գործընթացում, ճանապարհների համար էլ պետք է վճարենք: Բացի դրանից, շատ կարճ ժամանակ անց Թուրքիան կասի՝ գիտե՞ք՝ ինչ, ես չեմ վստահում Հայաստանին, մեր բազմամիլիարդանոց պրոյեկտը վտանգի տակ է, և որպեսզի պաշտպանեմ իմ ներդրումները, ես զորք եմ մտցնում Հայաստան: Եվ Ռուսաստանը ոչինչ չի կարողանա անել, որովհետև նա երբեք Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ պատերազմ չի անելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս