Բաժիններ՝

Այդպես էլ չտեսավ իր նոր տունը, որի մասին երազել էր տարիներ շարունակ. Շուշիում զոհված սպիտակցի 43-ամյա Գևորգի ընտանիքն օգնության կարիք ունի

Շուշիում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհվել է նաև Սպիտակի 43-ամյա բնակիչ Գևորգ Թանգաբեկյանը՝ անկատար թողնելով բազում նպատակները՝ կապված երեք երեխաների հետ:

«Շատ լավ հայր էր, լավ ամուսին, լավ զավակ՝ իր ծնողների համար: Յուրահատուկ մարդ էր, երազում էր տունը սարքել, ապրել այնտեղ: Երկրաշարժից հետո դոմիկում են ապրել, հետո տուն ստացան, նոր սկսել էին վերանորոգել, որ տեղափոխեին: Ցավոք, Գևորգն այդպես էլ չտեսավ իր նոր տունը, որի մասին երազել էր տարիներ շարունակ: Չհասցրեց նոր տանն իր ընտանիքի հետ դիմավորել Ամանորը: Նա թողեց մենակ իր 8 տարեկան տղային, 10  և 15 տարեկան աղջիկներին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զոհվածի կնոջ քույրը՝ Արմինե Լամբարյանը:

Նրա փոխանցմամբ՝ Գևորգը սկզբում եղել է Հադրութում, ապա նոր գնացել է Շուշի:

«Սկզբում Հադրութում էր, հետո հոկտեմբերի վերջին եկավ տուն, ապա մի քանի օր անց գնաց Շուշի ու այդպես էլ չվերադարձավ: Զոհվել է արկի պայթյունից: Հիմա ընտանիքի սոցիալական վիճակը լավ չէ, աջակցության կարիք ունեն: Տունն ունի նաև գազիֆիկացման խնդիր»,- նշեց  Արմինեն:

Զոհվածի ընտանիքին կարող եք աջակցել՝ գումար ուղարկելով նշված հաշվեհամարին, որը Գևորգի կնոջ՝ Մարյան Արմենուհու անունով է.

«ՎՏԲ-Հայաստան» բանկ, 16032004000110:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս