Սոմալիում ականակոծել են նստավայրը, որտեղ եղել է նախագահը
Փետրվարի լույս 2-ի գիշերն ականանետով արձակված ինն արկ է պայթել Դուսամարեբ քաղաքի կառավարական նստավայրի տարածքում, երբ այնտեղ է եղել Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը: Այդ մասին հայտնել է Somali Guardian նորությունների պորտալը։
Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, նշել է պորտալը:
Իշխանությունները գնդակոծման մեջ կասկածում են «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության իսլամիստներին:
Սոմալիի նախագահը Դուսամարեբ է ժամանել փետրվարի 1-ին երկրում կայանալիք նախագահական եւ ընդհանուր ընտրությունների առիթով հինգ տարածաշրջանային առաջնորդների հետ բանակցություններ վարելու համար: Պետության ղեկավարի լիազորությունների ժամկետն ավարտվում է փետվրարի 8-ին, սակայն նախագահական ընտրությունների ժամկետն առաջատար քաղաքական ուժերի հետ առայժմ համաձայնեցված չէ պահպանվող տարաձայնությունների պատճառով: Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդն ինքը հասկանալ է տվել, որ կառաջադրի իր թեկնածությունը վերընտրման համար:
Ընտրությունների առնչությամբ հիմնական նիստը նշանակված է փետրվարի 2-ին, հաղորդում է պորտալը: Դուսամարեբում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Մոգադիշոյից 400 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք, կառավարական նստավայրի շուրջն ուժեղացված է պահպանությունը: Բանակային կարգախմբերը պարեկումեն քաղաքում: Փետրվարի 2-ի առավոտյան Դուսամարեբի օդանավակայանի մերձակայքում հուժկու պայթյուն է տեղի ունեցել: Somali Guardian-ը նշումէ, որ մահափորձ է կատարվել Սոմալիի ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալի դեմ: Նրա վիճակի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



