Մենք ճիշտ էինք, ԱԱԾ-ն՝ սխալ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական և քննչական ու այլ դատավարական գործողությունների շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ի.Վ.-ն 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 345.300.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է իր՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարներին, որից հետո նույն ժամանակահատվածում կանխիկացրել է նշված գումարները և օգտագործել իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով հափշտակել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները:

«Վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ի.Վ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և տվել խոստովանական ցուցմունքներ՝ վերականգնելով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը պատճառված վնասի մի մասը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել սեղմ ժամկետում վերականգնել ընկերությանը պատճառված վնասն ամբողջությամբ»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Այս գործի մասին 168.amգրել էր դեռևս նախորդ տարեվերջին: Դեռևս դեկտեմբերի 29-ին գրել էինք, որ 168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Իշխան Վահրադյանը, որը նախարար Արսեն Թորոսյանի մերձավորներից է և ժամանակին ու այժմ էլ նրա հետ փոխկապակցված հաշվապահական ընկերությունների հաշվապահությունն է վարում, TotoGaming օնլայն շահումով խաղային ծառայություններից է օգտվել և հսկայական գումարներ է տանուլ տվել։

Ըստ մեր աղբյուրների՝ նա սկզբում շահել է մի քանի հարյուր միլիոն դրամ՝ 380 մլն դրամ, այնուհետև մոտ 1,5 մլրդ դրամ տանուլ է տվել, որից մոտ 200-300 մլն դրամը «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» ֆինանսական միջոցներից է եղել։

Նաև նշել էինք, որ մեր տեղեկություններով՝ այդ օրն Իշխան Վահրադյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն էր բերվել, թեպետ ԱԱԾ-ից մեզ փոխանցել էին, որ նման անուն-ազգանունով մարդ իրենց մոտ այդ պահին չկա:

Մեր աղբյուրները, այնուամենայնիվ, պնդել էին, որ «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի»՝ մոլախաղերի հետ մեծ սեր ունեցող աշխատակիցն իրականում ԱԱԾ-ում է:

Իշխան Վահրադյանից տեղեկությունը ճշտել չէր հաջողվել, քանի որ նրա հեռախոսահամարը օրեր շարունակ գտնվում էր ռադիոծածկույթից դուրս:

Ի դեպ, պարզվում է՝ Իշխան Վահրադյանը, ինչպես ասում են՝ «հին խաղացող» է․  նա «Վիվառո» կազինոյում ժամանակին, դարձյալ Ամանորին ընդառաջ, շահել է ամենամեծ ջեքփոթը՝ 433,752,459 դրամ (ավելի քան 900 հազար դոլար)՝ խաղադրույք կատարելով BetConstruct մատակարարի Fruit Cocktail սլոթում: Այդ կապակցությամբ նրա մասին տեսանյութ է պատրաստվել «Վիվառո» կազինոյի կողմից, որում նա օնլայն կազինո խաղալու կոչ է անում։

Եվ հետաքրքիր է՝ ի՞նչ էր մտածել առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, երբ մոլախաղերի նկատմամբ հակում ունեցող իր մերձավորին նշանակում էր ֆինանսական ահռելի միջոցներ տնօրինող ու շրջանառող հիվանդանոցի պատասխանատու պաշտոնում, և ինչո՞ւ հենց հիմա այդ գործը ԱԱԾ-ն ջրի երես հանեց:

Տեսանյութեր

Լրահոս