«Կա՛մ ռազմագերիներին պետք է տան, կա՛մ Ադրբեջանը հայտարարվի տեռորիստական երկիր». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության աշխատանքը որևէ մեկը չի կարող թերագնահատել։

«Հետևաբար՝ մենք՝ ցանկացած պատվիրակություն, թիմեր են, որոնք միասնական պետք է գործեն, հաշվի չառնելով, թե ով ում հետ ինչ անձնական խնդիրներ ունի։ Այս առումով մենք մեզ այն ժամանակների ընդդիմության նման չենք պահել, ժամանակին անգամ դեպքեր են եղել, որ նույն պատվիրակության անդամները նույն ինքնաթիռով չեն գնացել կամ եկել»,- խորհրդարանում ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը՝անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն ասել էր, որ Ռուբեն Ռուբինյանը վաղուց է տապալել ԵԽԽՎ-ում աշխատանքները, պարզապես տեխնիկական աշխատանք է կատարում։

Չնայած այս դիտարկման վերաբերյալ լրագրողը ցանկացավ լսել պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությունը, վերջինը խոսքը փոխանցեց Էդմոն Մարուքյանին, պատճառաբանելով, թե  այդ հարցին կարող է նա  պատասխանել։ Եվ միայն Մարուքյանի  մեկնաբանությունը լսելուց հետո Ռուբինյանը հավելեց՝  համաձայն է գործընկերոջ հետ։

Ըստ Էդմոն Մարուքյանի, եթե հայ ռազմագերիների հարցով հայ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում նախաձեռնությամբ հանդես չգար, ապա անպայման պատվիրակության ղեկավարին կքննադատեր։

«Երբ գնալուց առաջ քննարկվում էր, թե ինչ պետք է արվի, ես առաջարկել եմ, որ անպայման պետք է լինի դեբատ։ Բոլորով որոշել ենք, որ դա պետք է անենք, միևնույն ժամանակ՝ հստակ իմացել ենք, որ դա մերժվելու է։ Գերմանիայի արտգործնախարարը գերիների հարցին անդրադարձել է, ինչ նպատակ դրել էինք հարցի քննարկման հետ կապված՝ եղել է. հարցը քննարկվել է, մեզ պետք էր հնչեղություն։ Ճիշտ է, այնտեղ բոլորը հոգնել են Արցախի թեմայից, բայց հարցն այն է, որ մարդիկ տեսնում են՝ պատերազմն ավարտվել է, փաստաթուղթ կա, բայց մի երկիրն իրեն պահում է ահաբեկչի նման, միայն ահաբեկիչն է փորձում պատանդ պահել և թելադրել պայմաններ։ Իմ ելույթում հստակ հայտարարել եմ, որ կա՛մ ռազմագերիներին պետք է տան, կա՛մ Ադրբեջանը հայտարարվի տեռորիստական երկիր»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս