«Պարոն Մարուքյանին ԵԽԽՎ-ում ես չեմ նկարել, նկարել է տիկին Հայրապետյանը». Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները վերադարձել են ձմեռային նստաշրջանից: Ստրասբուրգ էին մեկնել պատվիրակության բոլոր անդամները, բացի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանից և Միքայել Մելքումյանից։ Նրանք նիստին մասնակցել են առցանց։

«Հայկական պատվիրակության համար առաջնահերթությունը, բնականաբար, Արցախի պատերազմից բխող խնդիրներն էին և առաջին հերթին՝ ռազմագերիների հարցը։  Մեր պատվիրակությունն առաջարկ էր արել հայ ռազմագերիների հարցը դարձնել ընթացիկ քննարկման թեմա, որը Բյուրոյում մերժվեց։ Ի դեպ, տեսել ենք քննարկում և հոդվածներ դրա մասին։ Հաշվի առնելով Նավալնիի թեման եվրոպացի պատվիրակների շրջանում, ի սկզբանե պարզ էր, որ մեր առաջարկած ռազմագերիների թեման քիչ հավանականություն ուներ ընդգրկվելու օրակարգում։ Մենք այդ առաջարկն արել էինք՝ որպես մեկ միջոց խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար, արդյունքում՝ հարցը քննարկվել է և՛ Բյուրոյով, և՛ քաղաքական խմբերում»,- այսօր խորհրդարանում անդրադառնալով ԵԽԽՎ նիստին՝ ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Ըստ նրա, հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել ռազմագերիների հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկելու թեմա, և ըստ նրա, դա իրենց հաջողվել է։

Պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանում ընդունվել է երկու բանաձև, որոնք վերաբերում էին անվտանգության և մարդու իրավունքների հարցերին։ Երկու բանաձևերի հոդվածներում էլ նշված է ԼՂՀ հարցը։

«Այնտեղ հիմնական կոչն ուղղված է Ադրբեջանին, որ բոլոր հետևանքները, այդ թվում՝ պատմական ժառանգությունը, պահպանի։ Իհարկե, սա ԵԽԽՎ-ի հետ կապ չունի, բայց մենք աշխատում էինք այն երկրների պատվիրակությունների հետ, որոնց խորհրդարաններն ընդունել են այդ հարցի հետ կապված հայտարարություններ»,- շեշտեց նա։

Հարցին՝ ԵԽԽՎ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված ակցիա էր արել, ինչո՞ւ չէին միացել իշխանական պատգամավորները, և առհասարակ հայ պատվիրակության աշխատանքները ԵԽԽՎ-ում ինչպե՞ս են գնահատում, երբ Նավալնու հարցն ընդգրկվում էր օրակարգում, իսկ հայ ռազմագերիների հարցը՝ ոչ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ հայ պատվիրակության նպատակն է եղել հայ ռազմագերիների խնդիրը դարձնել քննարկման թեմա ԵԽԽՎ բոլոր մակարդակներում, ինչը, նրա կարծիքով՝ հաջողվել է։

«Ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ Նավալնիի հարցն է առաջնահերթություն լինելու պատվիրակությունների կամ նրանց մեծամասնության համար։ Նույնիսկ սա իմանալով՝ մենք հայ ռազմագերիների հարցը մտցրել ենք օրակարգ, նույնիսկ, եթե այն մերժեին։ Ինչ վերաբերում է  պարոն Մարուքյանի ակցիային, եթե դուք հետևել եք մամուլին, ապա տեսած կլինեք, որ պարոն Մարուքյանն է մեկնաբանել իր ակցիան, ասելով, որ որևէ տարբերություն չկա, թե ով ինչ է անում։ Պարոն Մարուքյանին ԵԽԽՎ-ում ես չեմ նկարել, նկարել է տիկին Հայրապետյանը»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս