Կառավարության շենքի էլեկտրոնային գմբեթը՝ Wi-Fi-ի խափանման պատճառ

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում շատ տարօրինակ բաներ են կատարվում կառավարության շենքի մերձակայքում:

168.am-ի տեղեկություններով՝ շենքի ողջ երկայնքով տեղակայված հարևան շենքերում առաջացել է Wi-Fi-ի՝ ինտերնետ կապի սփռողականության խնդիր. այն կարծես թե արգելափակված է:

Մեզ ասացին, որ կոնկրետ 2.4 գիգահերց հաճախականության Wi-Fi-ն ընդհանրապես չի աշխատում, կորչում են նաև Wi-Fi ցրող կետերը, և հենց դրանից է, որ հարակից տարածքներում Wi-Fi-ի խնդիր է առաջանում:

Այդ առնչությամբ նաև տաքսի վարողներն են սկսել դժգոհություն հայտնել, որ GPS-ները կառավարության շենքի հարակից տարածքներում լավ չեն աշխատում, այսպես ասած՝ կախում են և հաճախորդի տեղը ճիշտ ցույց չեն տալիս:

Մեր աղբյուրները պնդում են, որ սրա պատճառն այն է, որ կառավարությունում որոշել են էլեկտրոնային գմբեթ ստեղծել կառավարության շենքի շուրջ, որի նպատակը թե՛ ազդանշանները շենքում ու հարակից տարածքներում խլացնելն է, և թե՛ հնարավոր հակադրոնային պաշտպանություն կազմակերպելը:

Ի դեպ, կառավարության շենքի ողջ երկայնքով գործի դրված խլացուցիչները ոչ միայն խաթարում են հարակից շենքերի բնակիչների ինտերնետ կապի հասանելիությունն ու որակը, այլև շատ վտանգավոր են հենց շենքում աշխատող մարդկանց համար, ովքեր, պարզվում է, շաբաթներ շարունակ գտնվում են շատ ուժեղ ճառագայթման ներքո: Այլ կերպ, թերևս, չի էլ կարող լինել, որովհետև օրը 24 ժամ շենքի ողջ տարածքով մեկ միացրած խլացուցիչները չեն կարող ճառագայթման խնդիր չառաջացնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու այնտեղ աշխատող մարդկանց համար հնարավոր առողջական խնդիրներով:

Տեսանյութեր

Լրահոս