«Արդեն 2.5 տարի Ռոբերտ Քոչարյանը չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը ոչ մի տարբերակով». Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով այնպես արեցին, որ հանրությունը դադարեց հավատալ պետական կառույցներին: Ու եթե կրկին որևէ ռազմական իրավիճակ լինի, ոչ ոք չի հավատալու ՊՆ-ի խոսքին, պետական կառույցների տարածած տեղեկությանը, փնտրելու են այլ ճանապարհներ՝ վստահելի տեղեկություն ստանալու համար:
«Շատ վատ է, որ որևէ մեկը չի ուզում պատասխանատվություն վերցնի՝ ո՛չ տեղեկատվական դաշտում, ո՛չ իրական դաշտում, ո՛չ ռազմաճակատից, ո՛չ քաղաքական: Որևէ մեկը հրաժարական չի տալիս, որևէ մեկը չի դատվում, որևէ մեկը նույնիսկ չի էլ արդարանում, փորձում ներողություն խնդրի իր արածների համար»,- նշեց Տիգրան Քոչարյանը:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ մինչև չլինի իշխանափոխություն, պատերազմի ընթացքում ու դրանից հետո հանրության մոտ առաջ եկած ոչ մի հարց պատասխան չի ստանա:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 3 լրատվամիջոցի ներկայացուցիչների տված հարցազրույցին, մեդափորձագետը նշեց, որ նա հաստատեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:
«Նաև պետք է արձանագրել՝ արդեն 2.5 տարի Ռոբերտ Քոչարյանը չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը ոչ մի տարբերակով: Լսել Փաշինյան անունը Քոչարյանի շուրթերից՝ երևի նույնիսկ երազում է Փաշինյանը: Այսինքն՝ այդպիսի արհամարհանք կա կերպարի նկատմամբ»,- ասաց Տիգրան Քոչարյանը: