«Ցավոք, կառավարությունում հստակ ձևակերպած չկա, թե կրթությունից, գիտությունից և բարձրագույն կրթությունից ինչ ենք ակնկալում». Սմբատ Գոգյան
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանի խոսքով՝ այսօր Հայաստանի կրթության և գիտության վիճակը պատրաստ չէ աշխարհում, այդ թվում՝ տարածաշրջանում եղած մարտահրավերները դիմակայելու, սակայն նախադրյալներ կան:
«Միշտ էլ նախադրյալներ կան, ասում է՝ եթե նույնիսկ քեզ կերել են, դու երկու ելք ունես, այնպես որ՝ երբեք հուսախաբվել ու հիասթափվել չի կարելի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սմբատ Գոգյանը:
Հարցին՝ ինչ-որ ժամանակ եղել է իշխանության ներկայացուցիչ, ի՞նչ է կարծում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՞, Սմբատ Գոգյանը պատասխանեց, որ մարդու հեռանալ կամ չհեռանալը ներքաղաքական գործընթացների վրա պետք է լինի ոչ թե քայլ, այլ հետևանք: Իսկ ավելի խորը և մանրամասն ոչինչ ասել չի կարող:
Լրացուցիչ հարցին՝ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս է տեսնում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ և արտահերթ ընտրություններո՞վ, թե՞ հերթական ընտրություններով, Սմբատ Գոգյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի առաջին տարբերակը, բայց մի քիչ այլ կոնտեքստով, որը, ցավոք, այսօր ներքաղաքական օրակարգում չի քննարկվում: Թեև դա իմ մտքում այդքան էլ ամբողջական դեռ ձևավորված չէ, բայց այն, ինչ այսօր քննարկվում է ընդդիմության կողմից, դա տուպիկային տարբերակ է»:
168.am-ի հարցին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին մեկ այլ անձով փոխարինելը կարո՞ղ է ոլորտում որևէ փոփոխության բերել, Սմբատ Գոգյանը պատասխանեց, որ դեռ նախարարին փոխելու ժամանակ է ասել, որ այդ փոփոխությունը տեղին չէ, քանի որ Հայաստանի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը:
«Մենք ունենք շատ ավելի խորը խնդիրներ, գրենք այդ խնդիրները և դրանց հիման վրա նշանակենք նախարար, որը կկարողանա այդ խնդիրներն առաջ տանել: Ցավոք, այսօր կառավարությունում հստակ ձևակերպած չկա, թե կրթությունից, գիտությունից և բարձրագույն կրթությունից ինչ ենք ակնկալում»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում