Բաժիններ՝

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը հունվարին աճել է 1,37 միլիարդ դոլարով

Ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունը հունվարին աճել է 1,37 միլիարդ դոլարով, ՌԻԱ Նովոստին հաշվել է Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա։ Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժիններ ունեն:

Ընդամենը BBI-ի վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, այժմ նրանում ռուսաստանցիներից տեղ է գտել 23 մարդ: «Նորնիկել»-ի հիմնական սեփականատերերից մեկի՝ Վլադիմիր Պոտանինի հարստությունը հունվարին աճել է 704 միլիոն դոլարով՝ հասնելով 30,7 միլիարդի: Այսպիսով, ռուսաստանցիների թվում նա է ամենահարուստը մնում BBI-ի ցուցակում: Երկրորդ տեղն զբաղեցնում է «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը, որի կարողությունը հունվարին նվազել է 403 միլիոն դոլարով եւ հասել՝ 24,4 միլիարդի:

Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) հիմնական շահառու Վլադիմիր Լիսինը, որի կապիտալը տարեսկզբից աճել է 358 միլիոն դոլարով՝ մինչեւ 24,2 միլիարդ: Չորրորդ դիրքն զբաղեցրել է «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը. նրա կապիտալը նվազել է 994 միլիոն դոլարով՝ հասնելով 22,1 միլիարդի: Հինգերորդ տեղում գտնվում է Ալիշեր Ուսմանովը («Մետալլոինվեստ», «Մեգաֆոն»), նրա կարողությունը պակասել է 69 միլիոն դոլարով եւ կազմել՝ 21 մլրդ դոլար:

Վեցերորդ հորիզոնականում տեղ է գտել Ռոման Աբրամովիչը (Evraz), նրա հարստությունը կազմել է 18,3 միլիարդ դոլար (նվազումը՝ 126 միլիոնով): Յոթերորդ տեղն զբաղեցրել է «Եվրոխիմ»-ի եւ Սիբիրի ածխի էներգետիկական ընկերության (ՍԱԷԸ) շահառու Անդրեյ Մելնիչենկոն (18,1 միլիարդ դոլար), ընդ որում՝ նրա կարողությունն աճել է 25,4 միլիոնով: Ութերորդ դիրքում տեղ է գտել «Լուկօյլ»-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպրովը, որի հարտությունն ավելացել է 672 միլիոնով. այժմ նրա կարողությունը գնահատվում է 18 միլիարդ դոլար: Իններորդ հորիզոնականն ստացել է Գենադի Տիմչենկոն, որը բաժնետեր է «Նովատեկ»-ում եւ «Սիբիր»-ում, նրա կարողությունը նվազել է 145 միլիոն դոլարով՝ մինչեւ 16,5 միլիարդ: Տեսներորդ տեղը բաժին է ընկել «Ռենովա»-ի հիմնական սեփականատեր Վիկտոր Վեքսելբերգին, որի կարողությունը հունվարին ավելացել է 126 միլիոն դոլարով եւ հասել՝ 16,2 միլիարդի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս