«Ինձ համար այժմ անձնական ողբերգություն է, որ կոմպետենտ մարդկանց պաշտոնը փչացրեց». Սմբատ Գոգյան

Այսօր խորհրդարանում 168.am-ը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչո՞ւ իրեն չհաջողվեց համագործակցել իշխանությունների հետ և կրթության ոլորտում ունենալ իր ներդրումը:

«Որքան էլ թվա, թե ես սուր խոսացող անձնավորություն եմ, ամեն դեպքում ես մինչև վերջ փորձեցի կամուրջները չայրել: Ես սկզբունքորեն մի պահանջ էի ներկայացրել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա դուրս գա և տեսախցիկների առջև հայտարարի, որ այո, մենք ունենք աղճատված գիտություն, աղճատված աստիճանավորման համակարգ, ուստի պետք է գրագողին հաստատենք ռեկտորի պաշտոնում, որով նա կչեղարկեր 2018  թվականի օգոստոսին հայտարարությունը, որ գրագողն իրավունք չունի դառնալու ռեկտոր: Ցավոք, նա քաջություն չունեցավ նման հայտարարություն անելու համար, նման վերադասի հետ ես պարզապես ցանկություն չունեի աշխատելու»,- պատասխանեց նա:

Լրագրողի հարցին՝ հաշվի առնելով, որ ԿԳՄՍ նախարարը փոխվել է, հնարավո՞ր է՝ որևէ պաշտոն զբաղեցնի, Սմբատ Գոգյանը պատասխանեց՝ դժվար, քանի որ իր սեփական իդեաներն ու գաղափարներն ունի, և ինչպես ցույց է տվել 2018-2020  թվականների փորձը, առայժմ իր հնարավորությունները շատ ավելի հզոր են և ինքնուրույն ավելի շատ գործ կարող է անել, քան կառավարության ներսում:

Հարցին էլ՝ ինչո՞ւ որոշեց ընդունել իշխանության առաջարկը և զբաղեցնել ԲՈԿ նախագահի պաշտոնը, Սմբատ Գոգյանը պատասխանեց՝ մանրամասնելով, թե ինչ պայմաններում է այդ առաջարկն ընդունել:

«2018 թվականի հուլիսի 11-ին ԿԳՄՍ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Ֆեսյբուքով գրեց, որ՝ մի հատ համարդ գրի, ես էլ կատակով ասացի, որ փոխնախարար չեմ ուզում: Համարս գրեցի, Հովհաննիսյանն ասաց, որ նախարարն ուզում է հետդ խոսի: Պատրաստվեցի ու արագ գնացի, Արայիկ Հարությունյանն արդեն կառավարությունում էր, Հովհաննիսյանն ինձ ասաց, որ՝ քեզ նշանակում ենք ԲՈԿ նախագահ: Պատասխանեցի, որ պատրաստվում եմ գնալ Սաուդյան Արաբիա, հետո՝ Ռումինիա, գնամ՝ գամ, կհասկանանք, Հովհաննիսյանն էլ ասաց՝ լավ: Գնացի ու հաջորդ օրը իմացա՝ նշանակվել եմ ԲՈԿ-ի նախագահ, այսինքն՝ առանձնապես ժամանակ էլ չեմ ունեցել մտածելու, վերլուծելու»,- ասաց նա:

Նա նաև ընդգծեց, որ դրական է վերաբերվել հեղափոխություն իրականացնող շատերին և հավատացել է նրանց գաղափարներին:

«Ինձ համար այժմ անձնական ողբերգություն է այն փաստը, որ այն մարդիկ, որոնց համարել եմ լավ ու կոմպետենտ, ցույց է տալիս, որ պաշտոնը նրանցից շատերին փչացրեց, նրանք չունեին այն գաղափարը, որոնց համար փողոցային պայքար էին մղում: Կարծում էի՝ պայքարի համար գաղափար կար, բայց գուցե դա զուտ պաշտոնի համար էր»,- ընդգծեց Սմբատ Գոգյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս