«Ճիշտ չէ, որ ես հրապարակել եմ Մեսսիի պայմանագիրը: Սա կատակ չէ, գործը կգնա դատարան»․ Բարտոմեու
«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն ասել է, որ ինքը կապ չունի կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի պայմանագրի վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկատվության հետ:
«Բացարձակապես ճիշտ չէ, որ ես հրապարակել եմ այս պայմանագիրը:
Սա շատ լուրջ խնդիր է, արգելվում է պրոֆեսիոնալների պայմանագրերի փոխանցումը: Հեշտ է հայտնվել ԶԼՄ-ներում և ինչ-որ մեկին մեղադրել, բայց մենք այստեղ չենք կատակում, գործը կգնա դատարան:
Մեսսին արժանի է այն ամենին, ինչ ստանում է սպորտային և առևտրային տեսանկյունից: Եթե չլիներ համաճարակը, ակումբը կկարողանար առանց խնդիրների վճարել այդ գումարները»,- ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք, որ El Mundo-ն բացահայտել է արգենտինացու գործող պայմանագրի մանրամասները, որը համաձայնեցվել էր 2017 թվականի նոյեմբերին (ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի 30-ը): Լրագրողները նույնիսկ սքրինշոթեր են հրապարակել. նրանք պնդում են, որ ստացել են պայմանագրի պատճենը: Արտահոսքի երկու հավանական աղբյուր կա՝ Բարտոմեուի թիմը (վրեժ) կամ «Բարսայի» նախագահի թեկնածուներից մեկը (որպես արդարացում երկրպագուներին, եթե Լեոն հեռանա):
Այսպիսով, սպորտի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրը կարծես սա է (կրկին՝ սա El Mundo-ի տարբերակն է, բայց ոչ ոք չի հերքել թեզիսները):
- 4 տարվա պայմանագրի ընդհանուր արժեքը 555,237,619 եվրո է: Ժամկետը լրանալուց 5 ամիս առաջ Մեսսին պայմանագրով արդեն վաստակել է 511 540 545 եվրո:
- Պայմանագիրը նախատեսում է 1,168,964 եվրո պարգևավճար մեկ մրցաշրջանի 60% խաղերին մասնակցելու համար: Խաղացված է հանդիպումը, որում Լեոն խաղացել է 45 րոպե, իսկ մյուս խաղացողները, ըստ As-ի, ունեն 60 րոպե:
- 3,548,644 եվրո պարգևավճար է շնորհվում Մեսսիի Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու համար, և 1,656,034 եվրո՝ Չեմպիոնների լիգային մասնակցելու համար: Իսպանիայի գավաթում տարած հաղթանակը գնահատվում է 104 372 եվրո:
- Պայմանագրի երկարացման բոնուս` 115,225,000:
- Հավատարմության բոնուս՝ գրեթե 78 միլիոն (77 929 955):
- Արդյունքում, Լեոն ստանում էր միջինը 138 միլիոն մեկ մրցաշրջանում՝ հաշվի առնելով բոնուսները (խոսքը հարկերից առաջ վճարումների մասին է):
Սիրարփի Աղաբաբյան