«Հետախուզությունը տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել». Արծրուն Հովհաննիսյան
«Երբ ես հայտարարում էի, որ Քարվաճառով եկա, անցա, ու ամեն ինչ անվտանգ է, ես անձամբ գիտեի, որ ինձ վրա որս է կազմակերպված: Հետախուզությունն ինձ տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել, երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ այլ մեքենայի մեջ, ես այլ մեքենայի մեջ եմ նստել, որպեսզի ինձ չխոցեն»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ով Արցախի պատերազմի 44 օրերի ընթացքում տեղեկատվություն էր հաղորդում ռազմադաշտից:
Ըստ նրա, շատ են եղել իրավիճակներ, երբ պատերազմի վերաբերյալ եկել են հակասական տեղեկություններ: Տեղեկություն է ստացել քաղաքացիական բնակչությունից, ինչը զինվորականները չեն հաստատել, կամ՝ ստացել է տեղեկատվություն, որը զինվորականությունն ուշ է հաստատել:
«Հասկացեք, այս պատերազմի ընթացքում տեղեկատվական հոսքերը շատ մեծ են եղել, երբեմն՝ իրար հակասող: Ես մինչև վերջին օրը, որպես զինվորական, պարտավոր էի հավատալ ու հավատում էի հաղթանակին, և դրա հիմքը կազմում էին այն տղաները, որոնց կենացը ամեն օր խմում եք և ասում եք, որ իրենք դուխով են կռվել: Ես իրավունք չունեի նրանց չհավատալու, դա կանոնավոր զորքն էր, սպայական կազմն էր, որը եղել է նախ և առաջ՝ իմ առաջին հենարանը:
Մի բան էլ ասեմ, որ օրը ես եղել եմ ընկճված, բրիֆինգների ժամանակ տխուր եմ խոսել, կորցրած ընկերների, տղաների պատճառով, անմիջապես զորքերից զանգեր եմ ստացել, ասել են՝ խնդրում ենք, եթե նույնիսկ վաղը պատերազմը կանգնի, առավոտը մենք զորքին քո տված ոգով տանում ենք մարտի, դուխ տուր, ինչ ուզում է՝ լինի: Ցույց տվեք ինձ մի պատերազմ, որտեղ պարտվող կողմ չի եղել, ու որտեղ այդ պարտվող կողմը պատերազմի կեսից ասում է, որ մենք պարտվում ենք: Եթե ինձ մեկ պատերազմ ցույց տաք այդ քարոզչական էլեմենտով՝ ներողություն կխնդրեմ»,- հավելեց նա:
Նա նաև շեշտեց, որ, երբ ամեն ինչի վերաբերյալ ինքն իր մեջ վերլուծի, այդ ժամանակ էլ կխոսի, քանի որ չափազանց շատ հարցեր կան, որոնք իրեն մտահոգում են, առաջին հերթին՝ կազմակերպչական, պատերազմավարման, կոնկրետ անձանց գործողությունների և այլն:
Նա նաև չբացառեց, որ պատերազմի ընթացքում կարող է իրեն սխալ տեղեկատվություն տրամադրած լինեն, քանի որ այդ ընթացքում բազում հակասական տեղեկատվություններ են եղել:
«Ի սկզբանե ես զոհերի թիվ չեմ ասել՝ հասկանալով, որ այն նուրբ թեմա է, ես որևէ անգամ զոհի թիվ չեմ ասել»,- նշեց նա:
168.am-ի հարցին՝ իր նախավերջին ասուլիսում ասում էր, որ «հաղթելու ենք», ի՞նչ եղավ, որ պարտություն եղավ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.
«Չգիտեմ, պետք է հասկանալ»:
Նա նաև շեշտեց, որ չի կարող մեկնաբանել՝ ՊՆ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձ եղե՞լ է, թե՞ ոչ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում