«Ինձ շատ հետաքրքիր է՝ Պատրոն Դավոն ի՞նչ է խոսելու». Հռիփսիմե Առաքելյան

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին:   Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս փաստին, հիշեցրեց, որ Գալստյանի անունը կապվում է զենքի մի շարք ապօրինի գործարքների հետ:

«Ինձ շատ հետաքրիր է, թե Պատրոն Դավոն ի՞նչ է խոսելու, արդյո՞ք նա իր մեջ կունենա համարձակություն խոսելու օդում կախված այն լուրերի մասին, որ զենքի տարատեսակ գործարքներ են կատարվել Պատրոն Դավոյի հետ: Երեկ Հ1-ով նայում էի մի հաղորդում, որտեղ դատափետում են բանակը, բառի բուն իմաստով, արժեզրկում են բանակը և ֆետիշացնում են այս Փաշինյան-Հակոբյան զույգին: Ուզում եմ հասկանալ, թե բանակի գեներալիտետը, բանակից որևէ մեկը չի ցանկանո՞ւմ խոսել, պապանձվել նստել են, տեսեք՝ ձեզ ինչ են անում, ձեզ ոնց են վարկաբեկում, ինչ ասես ասում են: Չե՞ք ուզում խոսել, պաշտպանվել, ինքնապաշտպանական բնազդը չի՞ գործում որևէ մեկի մոտ: Սա խայտառակություն է»,- ասաց Առաքելյանը:

Նրան զարմացրել է այսօր ԱԺ-ում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի  հնչեցրած պնդումը, թե ինքը չի խաբել պատերազմի ընթացքում և չի ասել, որ հաղթում ենք, ասել է՝ հաղթելու ենք:

«Էն «հաղթելու ենք», «գյոռբագյոռ 2020» պրոպագանդող Արծրուն Հովհաննիսյանը հիմա ասում է՝ դուք երբևէ լսե՞լ եք, որ ես ասել եմ՝ հաղթում ենք: Մեկ էլ ասել է, որ ինքը Աննա Հակոբյանին չի ճանաչում, ասում է՝ մեկ վայրկյան անգամ չեմ տեսել Աննա Հակոբյանին: Իրեն հարցրել են, բա «Ազատություն» ռադիոկայանի  պատշգամբում նստած սրճախմությանը Դո՞ւք չէիք, պատասխանը շատ լավն է, ասում է՝ Դուք փորձեք տեսնել, թե դրանից քիչ առաջ ես որտեղ էի, և այդ նկարից քիչ անց ես որտեղ էի, ասում է՝ այդ նկարը խոշոր մանիպուլյացիա է»,- ասաց Առաքելյանը:

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը պատմեց, որ նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից ժամեր առաջ, խոսակցություն է ունեցել Արծրուն Հովհաննիսյանի հետ, որի ժամանակ վերջինն իրեն ասել է, թե Շուշիի համար թեժ մարտեր են ընթանում, մինչդեռ ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Շուշին այլևս մեր վերահսկողության տակ չէ: Առաքելյանը նաև նկատեց, որ այսօր արդեն բազմամարդ է «Զվարթնոց»  օդանավակայանի սպասասրահը, մարդիկ լքում են երկիրը մի շարք դրդապատճառներով, այդ թվում՝ անվտանգային:

«Դուք տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում:   Ես առավել քան վստահ եմ, որ մեր այն հայրենակիցներն են հիմա ոտավորված գնում, որոնք լավ կյանքի սպասելիք են ունեցել Փաշինյան Նիկոլից: Էդ մարդիկ ասում են՝ մենք հավատում էինք, բայց մեզ խաբեցին, մի մարդ ասում էր՝ երկիրը սարքեցին «թուրքի երկիր», մենք գնում ենք, որ կարողանանք այնտեղ մի աշխատանք ունենալ, այստեղ մեր ընտանիքին պահենք, կամ էլ հետագայում տեղավորվենք, մեր ընտանիքի անդամներին էլ տանենք: Ըստ հարցումների՝ մեր բնակչության 40 տոկոսից ավելին պատրաստ է ՀՀ-ն լքել, հասկանո՞ւմ եք՝ սա ինչ աղետ է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս