Բաժիններ՝

Հայաստանում գործազրկությունը նոյեմբերին նախորդ տարվա համեմատ նվազել է 2%- ով՝ ԵԱՏՄ-ում 3,6 անգամ աճի ֆոնին

Հայաստանում 2020-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործազրկությունը (զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկներ) նվազել է 2%-ով և կազմել 61 հազար մարդ այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունում գործազրկության մակարդակն աճել է 3,6 անգամ՝ մինչև 3 մլն 488,1 հազար մարդ։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքի՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գործազրկության մակարդակը Հայաստանում աճել է 0,6%-ով, իսկ ԵԱՏՄ-ում նվազել 9,2%-ով։

Ընդ որում, եթե Բելառուսում գործազուրկների թիվը 2020-ի նոյեմբերին կազմել է 8,4 հազար մարդ և նախորդ նոյեմբերի նկատմամբ նվազել 18,1%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 5,4%-ով, ապա Ղազախստանում գրանցված գործազուրկների թիվը հասել է 207,0 հազար մարդու՝ 2019-ի նոյեմբերի համեմատ աճելով 36,2%-ով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ՝ նվազելով 6,9%-ով։ Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 78,5 հազար մարդ, 3,5% նվազում և 0,1% աճ։ Ռուսաստանում գրանցվել է նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գործազուրկների թվի (3 մլն 133,2 հազար մարդ) ամենամեծ աճը՝ 4,7 անգամ, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 9,7%-ով։

Բնակչության զբաղվածության ծառայություններում հայտարարված ազատ աշխատատեղերի թիվը 2020-ի նոյեմբերին 2019 թվականի նոյեմբերի համեմատ նվազել է Հայաստանում՝ 67,7%-ով (մինչև 1,4 հազար մարդ), Բելառուսում՝ 16,6%-ով (75,2 հազար մարդ), Ղրղզստանում ՝ 39,2%-ով (3,2 հազար մարդ), Ռուսաստանում այն աճել է 10,6%-ով (1 մլն 746,0 հազար մարդ), Ղազախստանի դեպքում տվյալները բացակայել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս