Հոկտեմբերի 4-ին թշնամու արկի պայթյունն անավարտ թողեց նորաստեղծ ընտանիքի երազանքները…

Ոստիկան Մհեր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտն է, տան շեմին կանգնած, դիմավորում նկարահանող խմբին: Որդուն հենց այստեղից ճանապարհեց Արցախ, և այսօր էլ աչքը նրա ճանապարհին է…

Ոստիկանության ավագ սերժանտ Մհեր Հարությունյանն այն ծառայողներից էր, որոնք պատերազմը սկսվելուն պես զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանությանն ու մեկնեցին Արցախ։ Գնաց պատերազմ, որովհետև պե՛տք է գնար. ազատամարտիկի ոստիկան որդին այլ ճանապարհ չուներ։ Ի դեպ, Մհերի եղբայրը՝ Սարգիսն էլ էր կամավորագրվել, որ մեկներ ռազմաճակատ։ «Սարգսին չթողեցի գնալ, կամավոր գրվել էր, բայց ես չթողեցի։ Ասացի՝ դու էլ գնաս, բա մեզ ո՞վ պետք է տիրություն անի»,- պատմում է մայրը՝ Անահիտ Հարությունյանը։

Մհերը սովորում էր Վանաձորի պետական համալսարանում։ Հաջողությամբ էր անցել դիպլոմի նախապաշտպանությունը։ Օրեր էին մնացել դիպլոմը պաշտպանելուն։ Վերջերս նաև ընտանիք էր կազմել։

«Մեր ամենամեծ նպատակը երեխաներ ունենալն էր: Հետո մտածում էր, որ հիփոթեքով պետք է տուն վերցնի։ Ինքն այնքա՜ն նպատակներ ուներ՝ լավ կրթություն ստանալ, բարձր պաշտոն ունենալ, ընտանիքը լավ պահել… Բոլոր երազանքները կիսատ մնացին…»,-ասում է կինը՝ Լենա Սարգսյանը։

Հոկտեմբերի 4-ին թշնամու արկի պայթյունն անավարտ թողեց նորաստեղծ ընտանիքի երազանքները։ Չարաբաստիկ օրը՝ հոկտեմբերի 4-ը, կրկնակի ցավոտ է Լենայի համար. այդ օրվանից լուր չունի հարազատ եղբորից՝ ժամկետային զինծառայող Նարեկ Սարգսյանից։ Նա անհետ կորած է համարվում։

Ոստիկանության Բազումի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ծառայող Մհեր Հարությունյանը բարեխիղճ ու պատասխանատու ծառայող էր։ Իսկ հիմա նրա անունն էլ գրվեց այն քաջորդիների շարքում, որոնք հանուն հայրենիքի տվեցին իրենց ամենաթանկը՝ կյանքը։

Տեսանյութեր

Լրահոս