
Xiaomi-ի նոր անլար սարքը կլիցքավորի սմարթֆոնները մի քանի մետր հեռավորությունից

Xiaomi-ն ներկայացրել է նոր Mi Air Charge-ն, որն ունակ է առանց լարերի լիցքավորել գադջետները սենյակի ցանկացած կետում: Այսինքն՝ ձեր բջջային հեռախոսը սենյակ մտնելուն պես կսկսի ինքնաբերաբար լիցքավորվել:
Mi Air Charge-ն ունի ալեհավաքի երկու հավաքածու: Առաջինը թույլ է տալիս որոշել սմարթֆոնի գտնվելու վայրը, իսկ երկրորդը պատասխանատու է միլիմետր տիրույթում ուղղորդված ազդանշանի փոխանցման համար, որը սմարթֆոնում ուղղիչի միջոցով վերածվում է էլեկտրական էներգիայի:
Նման լիցքավորիչի հզորությունը դեռ ցածր է՝ 5 Վտ: Այնուամենայնիվ, Mi Air Charge-ը կարող է միանգամից մի քանի սարքեր լիցքավորել օդով՝ առանց հոսանքի անկման: Միևնույն ժամանակ, ոչ մի ֆիզիկական խոչընդոտ չի ազդի ազդանշանի մակարդակի վրա, վստահեցնում է արտադրողը:
Ենթադրվում է, որ Mi Air Charge-ը կկարողանա լիցքավորել ոչ միայն սմարթֆոնները, այլ նաև խելացի ժամացույցները, ականջակալները, բարձրախոսները, ֆիթնես ապարանջանները և այլ սարքեր: Ճիշտ է, դրա համար բոլորը պետք է հագեցած լինեն երկու ալեհավաքներով, որոնցից մեկը գործում է՝ որպես փարոս, իսկ երկրորդը պատասխանատու է ալիքներ ստանալու համար:
Xiaomi-ն դեռ չի հայտարարել Mi Air Charge-ի թողարկման ժամկետների և գնի մասին:
Սիրարփի Աղաբաբյան