Բաժիններ՝

«Եկեղեցին տալիս է այնպիսի արժեք, որի պահպանման կարևորությունը սկսվում է ընտանիքից». Տեր Պարթև քահանա Մուրադյան

Առջևում սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է: Տոնին ընդառաջ ներկայացնում ենք ընտանիքի, սիրո և եկեղեցու դերի կարևորության մասին հարցազրույցը ԱՀԹ Արաբկիրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ:

– Շուտով նշելու ենք երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Ի՞նչ դեր ու նշանակություն ունի ընտանիքը պետության կայացման համար:

– Պետության կայացման գործում գիտակից քրիստոնյայի դերը շատ կարևոր է, որովհետև ընտանիքից է սկսվում ամեն ինչ, և քանի որ ընտանիքում է ձևավորվում երեխան և նրա աշխարհայացքը, ուստի` քրիստոնեական ոգով դաստիարակված երեխան ավելի արժանի պիտի լինի իր պետությանը, Եկեղեցուն և ժողովրդին: Ի վերջո, քրիստոնությունը մարդու մեջ սերմանում է բարոյականություն, արժեքների գնահատում և ավանդույթների պահպանում:

– Ո՞րն է օրինակելի ընտանիք ունենալու բանաձևը:

– Ցանկացած ընտանիքի բանաձև պիտի հանդիսանա ամուր սերը: Այն սերը, որը պետք է ծնի փոխզիջում, համբերատարություն, միմյանց ներելու կարողութուն, և այդ սիրով զարգացող ցանկացած ընտանիք պիտի լինի ամուր հիմքերի վրա: Այդուհանդերձ, ցանկացած գեղեցիկ ընտանիքի բանաձևի հիմքում պետք է ընկած լինի ամուր և անկեղծ սերը:

– Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն զույգերին, ովքեր պատրաստվում են ընտանիք կազմել:

– Ընտանիք կազմելուց առաջ շատ կարևոր է միմյանց ճանաչելը և հասկանալը: Տարբեր գիտակցության և տարբեր աշխարհայացքի տեր մարդիկ պետք է միավորվեն և դառնան մեկ: Ուստի՝ ընտանիք կազմելուց առաջ շատ կարևոր է, որ զույգերը միմյանց լավ ճանաչեն, գիտակցեն ընտանիք ստեղծելու կարևորությունը, և այդ միության հիմքում կրկին անգամ պետք է լինի սերը: Սիրո հողի վրա պետք է կարողանալ կազմել միություն և դառնալ մեկ. հենց այդ մեկի խորհուրդը պետք է լինի ցանկացած ընտանիք կազմելու ակունքներում:

-Եկեղեցին մշտապես խրախուսում է ամուսնությունը և ընտանիք ստեղծելու գաղափարը, ո՞րն է Եկեղեցու դերը ընտանիքների պահպանման և ամրության հարցում:

-Եկեղեցու դերն ընտանիքի կայացման մեջ սկսվում է պսակի խորհրդից: Քրիստոս ինքն օրհնեց պսակի խորհուրդը, խրախուսեց ամուսնությունը և պսակի միջոցով՝ նաև ընտանիքի զարգացումը: Արդեն Պողոս առաքյալը պիտի նմանեցնի ընտանիքը փոքր Եկեղեցու, որտեղ փեսան Քրիստոս է, հարսը՝ Եկեղեցին, և նրանք մի ամբողջություն են կազմում: Այդուհանդերձ, Եկեղեցին պետք է կարողանա այս ամբողջության խորհուրդը սերմանել ցանկացած նորաստեղծ ընտանիքում, որպեսզի այդ ընտանիքը Եկեղեցու միջոցով կարողանա աճել, զարգանալ, բազմանալ քրիստոնեական արժեքներով: Եկեղեցին տալիս է այնպիսի արժեք, որի պահպանման կարևորությունը սկսվում է հենց ընտանիքից:

– Անցած տարին փորձություններով լեցուն էր բոլոր այն զույգերի համար, որոնց սիրելինները գտնվում էին առաջնագծում: Ի՞նչ խորհուրդ կտաք այս փորձությունների միջով անցած ընտանիքներին և զույգերին:

– Ցանկացած փորձություն, որ տրվում է մարդուն հաղթահարելի է միայն ու միայն Աստծո հանդեպ հավատքով և աղոթքով: Այս փորձությունն էլ, որ տրվեց մեր ազգին՝ թե՛ սիրահարներին, թե՛ ընտանիքներին, պետք է հաղթահարենք Աստծո միջոցով, որովհետև մենք պիտի թույլ չտանք, որ չարը հաղթող դուրս գա: Ի վերջո, պետք է ամենքս քաջ գիտակցենք, որ ոչ թե պիտի վախենանք մարմինը, այլ հոգին սպանողներից:

– Սուրբ Սարգսի օրինակը ի՞նչ պատգամ կարող է լինել բոլորիս համար:

– Սուրբ Սարգիսը, լինելով մեր սիրված սրբերից մեկը, շատ կարևոր պատգամներ է փոխանցում ամենքիս: Առաջինը՝ իր օրինակով մեզ տալիս է ամուր հավատքի, նվիրվածության պատգամը. ինքն իր հավատքից մեկ գրամ անգամ չսասանվեց, չթերացավ իր հավատքի մեջ և իր հավատքով մարտիրոսացավ՝ երբեք չդավաճանելով Քրիստոսին:

Եվ երկրորդ կարևորագույն պատգամը Սուրբ Սարգսի բարեխոսությունն է սիրող սրտերին և նրանց նպատակների իրականացմանը, քանի որ բոլորս ցանկանում ենք Աստծո միջոցով տեսնել մեր նպատակների, երազանքների իրականացումը: Սուրբ Սարգիսը այն մեծ պատգամն է փոխանցում մեզ, որ եթե մենք ցանկացած պարագայում հույսը դնում ենք Աստծո վրա, վստահում ենք Աստծուն, կարող ենք տեսնել մեր երազանքներն իրականացված: Եվ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ, նրա թողած պատգամներով է, որ մենք կարող ենք հասնել այդ ամենին:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս