«Ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքներն իրականում սահմանադրական կարգի տապալմանն են ուղղված կամ իշխանության յուրացմանը». քննարկում «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ
«Պետականության կորստի վտանգի ռիսկը կա, ուղղակի չափազանցված է, բայց պետականությանը չպետք է նայել՝ որպես մի բանի, որ կամ 100 տոկոս կա, կամ չկա, այլ դա ուղղակիորեն կապված է պետական ինստիտուտների և քաղաքական համակարգի կայացվածության և ամրության հետ, և հետևաբար՝ «Կուսակցությունների մասին» օրենքը և կուսակցությունների գործունեության հետ կապված կարգավորումները, որոնք այլ օրենքներով են սահմանվում, առանցքային կարևորություն ունեն հենց այդ տեսակետից՝ ունենալու ավելի կայացած քաղաքական համակարգ, որտեղ քաղաքական ուժերն ավելի անկախ կլինեն բիզնեսից, գաղափարապես ամուր, ներքին ժողովրդավարության հատկանիշներով օժտված և ներկայացուցչական»,- «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակարգը» թեմայով «Մեդիա- կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է արդիական ԱԺ առաջիկա քառօրյայում «Կուսակցությունների մասին» օրենքը քննարկել, երբ պատերազմի արդյունքում կանգնած ենք պետականության կորստի վտանգի առջև:
Խոսելով օրենքի առանցքային փոփոխություններից՝ Համազասպ Դանիելյանն ասաց, որ ի սկզբանե նպատակ է եղել ունենալ գործընթաց, որը հնարավորինս ներառական է և թափանցիկ:
«Օրենքի փոփոխությունն արդեն իմ ասած կարևոր խնդիրների լուծմանն է միտված, մասնավորապես՝ քաղաքականության մեջ փողի դերի ազդեցության սահմանափակում և կուսակցություններն ավելի թափանցիկ և նաև բիզնեսից պակաս կախված մարմիններ դարձնելու առումով՝ իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունների արգելք, ֆիզիկական անձանց համար նվիրատվությունների՝ առավելագույն շեմի սահմանափակում, նվիրատվությունների հաշվետվողականություն, բացառապես անկանխիկ շրջանառության ենթադրում և կանխիկի բացառում, կուսակցությունների ղեկավար անդամների եկամուտների հայտարարագրում և այլն»,- ասաց օրենքի փոփոխության նախագծի հեղինակը:
Ըստ բանախոսի՝ ներքին ժողովրդավարության զարգացման առումով այս նախագծում շատ կարևոր տեղ է տրված կուսակցությունների անդամների դերի մեծացմանը, և նպատակ կա անձնակենտրոն կուսակցությունների պարագայում գոնե օրենսդրորեն այնպիսի պայմաններ ստեղծել, որ անձի ազդեցությունը նվազի:
«Մյուս կարևոր խնդիրը կուսակցություններն ավելի ներկայացուցչական դարձնելն է, կանանց ու երիտասարդների՝ դրանցում ավելի ներգրավված լինելը, նախատեսված է կուսակցությունների գործունեության, անդամագրման և ֆինանսավորման և այլ ասպեկտների հետ կապված վարչական և քրեական հոդվածներ սահմանել»,- ասաց Համազասպ Դանիելյանը:
Նա ասաց նաև, որ այս օրենքով՝ կուսակցությունների նախընտրական ցուցակները պետք է հաստատվեն համագումարով: Շատ կարևոր է նաև փակ քվեարկության համակարգը, որի մասով անհամաձայնություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովը, բայց իրենք այդուհանդերձ ներառել են:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց կուսակցության համար օրենքի նախագծում որոշակի խնդրահարույց կետեր չկան, կան տեխնիկական և կազմակերպչական հարցեր: Նա նշեց, որ պետությունը պետք է մասնակցի կուսակցությունների ֆինանսավորմանը, հակառակ դեպքում բավականին բարդ կլինի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողության գործիքներ կիրառելը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի խոսքով՝ իրենց մոտեցումն այն է, որ քաղաքական ուժերի մասին օրենքը պետք է գրեին իրենք՝ քաղաքական ուժերը:
«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս պահին գոյություն ունեցող նախագիծն ունի պրոգրես այն առումով, որ պետք է անպայման լինի ղեկավար մարմին, որն առնվազն պետք է բաղկացած լինի 7 անդամից, ներկուսակցական ընտրությունները պետք է կատարվեն փակ գաղտնի քվեարկությամբ: Սրանք կարևոր ատրիբուտներ են, որոնք մեր օրակարգի մաս են եղել»,- ասաց Միքայել Նահապետյանը:
Ըստ նրա՝ «ՔՈ»-ն կարծում է, որ այս օրենքը պետք է լիներ առավել խիստ և միջնաժամկետ գործող:
«Ցավոք սրտի, ես կարծում եմ, որ օրենքի հիմնական առաքելությունը՝ կուսակցական դաշտը մաքրել կեղծիքից, ստվերային գործընթացներից, չի կարող կատարվել, որքան էլ որ իր մեջ ունի բավականաչափ առաջխաղացում նախկինում եղած կարգավորումների նկատմամբ»,- ասաց Միքայել Նահապետյանը:
Նա նշեց, որ մարդ-կուսակցությունների դեմ, երբ կուսակցությունում մեկ մարդ է, այս օրենքը կաշխատի, սակայն այն դեպքում, երբ կուսակցությունում կան շատ քաղաքական գործիչներ, սակայն որոշումները կայացնում է մեկ մարդ, այս օրենքը չի աշխատի:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» (ՀՔԱՎ) ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի կարծիքով՝ առնվազն ֆինանսավորման մակարդակում գոնե քրեական ու վարչական օրենսգրքերում նախատեսված են մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան արդյունավետ աշխատանքի դեպքում բացահայտել ու հնարավորինս նվազեցնել կախվածությունը մեկ տեղից եկող ֆինանսական միջոցներից: Ըստ նրա՝ օրենքը նաև բավականին ամբիցիոզ է:
«Շատ խնդիրներ, որ մենք տեսնում ենք կուսակցությունների հետ կապված, իրականում արտացոլվում են ընտրական պրոցեսներում: Այնպես որ, շատ կարևոր է, որ սանկցիաներ նախատեսվեն նաև «Ընտրական օրենսգրքի» մասով՝ կապված պրոցեսների հետ: Օրինակ՝ կա կոնսենսուս՝ «մարդու և քաղաքացու իրավունքների դեմ ուղղված հանցագործություններ» բաժնի պատասխանատվությունը տեղափոխել «պետության և սահմանադրության դեմ կատարված հանցագործություններ» բաժին, որովհետև կարծում եմ, որ ընտրակաշառքներն ու ընտրակեղծիքներն իրականում սահմանադրական կարգի տապալմանն են ուղղված կամ իշխանության յուրացմանը»,- ասաց Վարդինե Գրիգորյանը՝ հավելելով, որ սա հետագայում լծակ կտա կուսակցությունների կասեցման համար, եթե նման պրոցես նախաձեռնվի:
Մանրամասները՝ տեսանյութում