«Պարզ է, որ սա քաղաքական, անձնավորված, նեղ սուբյեկտիվ շահեր սպասարկող հետապնդում է». Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 14-ին տեղեկացանք, որ ձերբակալվել է ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման, և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման, և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու հանցակազմով:
Ըստ էության, 40 օր որդիների հետ առաջնագծում կռված լեգենդար հրամանատարին` Աշոտ Երկաթին, ձերբակալել էին Փաշինյանի սպանության նախապատրաստության կասկածանքով:
Նոյեմբերի 16-ին լեգենդար հրամանատարն ազատ արձակվեց. Դատարանը նրան կալանավորելու հիմքեր չգտավ:
Դեկտեմբերի 2-ին, սակայն, Աշոտ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
«Դատախազությունը շարունակում է նոր «բարձունքներ» զբաղեցնել քաղաքական «խնդրանքների» ոլորտում։ Ոչ ոք չէր էլ կասկածում, որ Դատախազությունը այլ ծանրաբեռնվածություն, քան Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելը, չունի»,- մասնավորապես գրել էր պաշտպանը:
168.am-ի հետ զրույցում Աշոտ Մինասյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանն ասաց, որ, եթե մի նախադասությամբ ներկայացնի դատախազության բերած վերաքննիչ բողոքի էությունը, ապա նրանք հերթական անգամ ցանկանում են կալանավորված տեսնել Աշոտ Մինասյանին:
«Մինասյան Աշոտի մասով ունենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի դատական ակտը, որը բաղկացած է 37 թերթից: Դատարանը մերժեց կալանավորման միջնորդության քննությունը՝ մանրակրկիտ վերլուծելով բոլոր հնարավոր հանգամանքները, անգամ ոչ էական նյութերը: Այս ամենը հաշվի առնելով՝ ստացվում է, որ դատախազության բերած վերաքննիչ բողոքն ինքնանպատակ է: Եթե պրոցեսին նայում ենք մաքուր արդարադատության տեսանկյունից, և եթե դիտարկում ենք, որ քննիչը, ԱԱԾ-ն, դատախազությունը ոչ թե զուտ անձին կալանավորելու նպատակ ունեն, այլ իրական պրոցես էին փորձում տեսնել, և բոլոր հանգամանքները քննության առնելով՝ դատարանը մերժում է կալանավորման միջնորդության քննությունը և մերժում է նման կերպ, ուրեմն պետք է չբողոքարկեր»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ պրոցեսը բացառապես քաղաքական է և կոնկրետ անձնավորված:
Փաստաբանի խոսքով՝ երբ դատարանում ասում էին, որ Աշոտ Մինասյանին նախկինում պատկանած ռեստորանային համալիրի տարածքից գտել են զենք-զինամթերք, պարզվեց, որ նախկինում նրա, իսկ ներկայումս՝ «Ամերիա» բանկի սեփականությունը հանդիսացող տարածքից չեն գտել այդ զենքերը, այլ առգրավվել են մի տարածքից, որը ոչ մի սեփականատեր չունի, և ուր մուտք ու ելք ունի ցանկացած անձ:
«Իսկ ձայնագրությունների հետ կապված՝ բոլորի համար պարզ էր, որ դա մոնտաժված էր, որ, եթե դրանք հրապարակեին, կհասկանային, թե մեղադրանքի կողմը ինչ անլուրջ ու անհեթեթ վիճակում է հայտնվում: Եթե ամբողջ ձայնագրությունները հրապարակվեին, կհասկանային, որ Աշոտ Մինասյանը խոսում է հանրահավաքներին մասնակցելու մասին, ինչը, եթե մենք ժողովրդավարական հանրապետություն ենք, իրենից ոչ մի իրավախախտում չի ենթադրում»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Ըստ պաշտպանի՝ երբ քննիչներն ու դատախազները խոսում են այն մասին, որ նախապատրաստել էին վարչապետի սպանություն՝ իշխանությունը յուրացնելու համար, կարող էին չզլանալ ու Սահմանադրությունն ուսումնասիրել, կտեսնեին, որ գործադիր իշխանության յուրացումը պայմանավորված չէ վարչապետի լինել-չլինելով:
«Վարչապետի բացակայության պայմաններում կան փոխվարչապետներ: Դա ինքնին որևէ հետևանք գործադիր իշխանության վրա չի թողնում, և վարչապետը համարժեք է ցանկացած կառավարության անդամի ներկայացվող երաշխիքներին: Իսկ Սահմանադրությունն էլ իր հերթին է ուղղակիորեն նախատեսում, որ գործադիր իշխանության անխափանությունը երաշխավորվի, և ասում, որ վարչապետի բացակայության դեպքում նրան փոխարինում է փոխվարչապետներից մեկը»,- ասաց պաշտպանը:
Նա նշեց նաև, որ պաշտպանական կողմին անգամ վերաքննիչ բողոք են ուղարկել:
«Իրենք առաջին հերթին խոսում են ԶԼՄ-ների հետ, փորձում են պատրանք ստեղծել, թե ինչ լուրջ գործընթաց են նախաձեռնել, բայց դեռ հակառակ կողմը բողոքը չստացած՝ հայտարարում են, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել»,- նշեց Արամ Վարդևանյանը:
Հարցին՝ ինչո՞ւ են ուզում կալանավորել Աշոտ Մինասյանին, ինչո՞վ է նա խանգարում այս իշխանություններին, Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել, թե նրանք ինչ ընկալումներ ու շարժառիթներ ունեն:
«Ես փաստն եմ ասում: Բայց իրենք փորձում էին կալանավորել մի մարդու, որին այդքան լուրջ մեղադրանքներ էին ներկայացրել, բայց նա այսքան օր ազատության մեջ լինելով՝ քննության համար ոչ մի խնդիր չի առաջացրել: Իսկ միջնորդությունն առհասարակ այն աստիճան անհիմն ու անհեթեթ էր, որ նույնիսկ հիմնավոր կասկածը չի հաղթահարվել, և վերաքննիչ բողոք ներկայացնելու շարժառիթներից մեկն էլ այն է, որ ցույց տան, թե այստեղ իրավական, այլ զարգացում կարող է լինել: Բայց որքան էլ փորձեն իրավական գործընթացի պատրանք ստեղծել, բոլորի համար էլ պարզ է, որ սա քաղաքական, անձնավորված, նեղ սուբյեկտիվ շահեր սպասարկող հետապնդում է, որը միգուցե էլի հերթական անգամ խնդրանքներով է պայմանավորված: Գաղտնիք չէ, որ դատախազությունը խնդրանքներին գերակայություն է տալիս»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դեռ վերաքննիչ քննության բողոքի օրը և գործը քննող դատավորի անունը հայտնի չեն: