«2019-ի սեպտեմբերի 21-ին ՊՊԾ գունդ գրավողները նստած էին դահլիճում, բանակի  հրամանատարությունն անկյունում կանգնած էր». Գեղամ Մանուկյան

Մոտ երկու ժամ ակցիա անող և փողոց փակող քաղաքացիների վերջին կանգառը Կառավարության շենքի առջև էր: Նրանք այցելեցին հացադուլ անողներին: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց՝ տեղյակ է, որ բազմաթիվ երիտասարդներ են բերման ենթարկվել:

«Մեկ տարի առաջ այդ երիտասարդների մեծ մասին բերման էին ենթարկել կառավարական մեկ այլ շենքի՝ ԿԳՄՍՆ-ի դիմացից, որտեղ այդ երիտասարդները պահանջում էին չկոտրել ազգային ողնաշարը, չհանել հայագիտական առարկաները, ռազմագիտություն առարկան,  պահպանել մեր ազգային ոգին, որին ամեն ինչով խաչընդոտում էր ԿԳՄՍ նախարարար Արայիկ Հարությունյանը, խոստանում էր դաշնակցական երիտասարդներին տուփերով կոռուպցիոն, քրեական գործեր ուղարկել Դաշնակցության գրասենյակ»,- ասաց Մանուկյանը:

Նա հիշեց նաև, որ այդ օրերին ՀՅԴ-ական երիտասարդներին հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր խոսքում ասաց, թե մենք՝ հայերս, կովկասյան ժողովուրդ ենք, ինչին երիտասարդներից մեկը հակադարձել էր, որ մենք հնդեվրոպացի ենք:

«Այդ երիտասարդներին բերման ենթարկեցին բիրտ ուժով՝ կարմիր բերետավորների հսկայական զորախմբեր հանելով: Այդ պոռոտախոս Արայիկ Հարությունյանն այլևս նախարար չէ, հիմա եկել է, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է աշխատում, Արայիկ Հարությունյանին պաշտպանող բոլոր պատգամավորների ձայները հիմա դուրս չի գալիս, բոլորը միայն սելֆիի համար, իբր թե առաջնագիծ էին գնում, իսկ այդ երիտասարդները առաջին օրվանից գնացին առաջնագիծ, մինչև վերջ կանգնեցին մարտական հերթապահության, դիրքեր գրավեցին, իրենցից նաև զոհեր եղան»,- ասաց նա:

Գեղամ Մանուկյանը նաև հիշեցրեց, թե ինչպես էր գործող իշխանությունը   2019թ.  սեպտեմբերի 21-ին Գյումրիում նշում Հայաստանի անկախության օրը, զինվորականները դահլիճում նստելու տեղ չէին ունեցել:

«Սև բերդում նշում էին Հայաստանի անկախության օրը: Ինչ հասարակական կազմակերպություն, արժանի, անարժան պաշտոնյա, դեպուտատ կար՝ լցված էին դահլիճում, ու պետք է տեսնեիք այդ խայտառակությունը: Հայաստանի Զինված ուժերի ամբողջ հրամանատարական կազմը մի անկյունում ոտքի վրա կանգնած էր: Սա է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Հիմա ասում են՝ ինչի՞ այսպես եղավ, այդպես եղավ: ՊՊԾ գունդ գրավողներ, 3 ոստիկանների սպանության հեղինակներ, առոք-փառոք նստած էին դահլիճում, բանակի ամբողջ հրամանատարությունն անկյունում կանգնած էր, ի վերջո, ստիպված դուրս եկան: Սա խորհրդանշում է ամբողջ 2.5 տարին, կառավարումը, բանակը և այսօրվա արդյունքը»,- ասաց Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս