«Փաշինյանն ու իր համակիրներն այդ բարաթի ստորագրման օրը պետք է իրենց խարակիրի անեին». Լուսինե Սահակյան

ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Հայաստանը ոչնչացնելու Թուրքիայի դիրքորոշումը նորություն չէ:

«Հատկապես վերջին մեկ տարում իր ելույթներում Էրդողանն ավելի սուր և անթաքույց հայտնում էր իր հակահայկական դիրքորոշումը, որին լծված էին՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես թուրքական քարոզչությունն արտերկրում, ընդգրկված էին ադրբեջանական տեռորիստական կազմակերպություններ, որոնցից մեկը հենց մեր քթի տակ է՝ «Ասիմդեր» կազմակերպությունը, որը թիրախավորում է նաև հայ պատմաբանների, քաղաքագետների: Այս ամենի մասին պարբերաբար բարձրաձայնվել է: Ամենաթարմը՝ Էրդողանն ապրիլին հայտարարեց, որ ավարտելու է իր նախնիների գործը և թրից պրծածներին վերջնականապես ոչնչացնելու է: Դա ուղղված էր Հայաստանի դեմ: Նրանց սոցիոլոգիական կենտրոնները սոցհարցումներ էին անցկացնում Թուրքիայում և որպես գլխավոր թշնամի պետություններից մեկը՝ դիտվում էր Հայաստանը: Ամենասոսկալին այն է, որ նման հայտարարությունների ընթացքում մեզ մոտ տեղի էր ունենում հակառակ երևույթը, և փորձում էին սին «դեմոկրատական», արևմտյան գաղափարներով շեղել մեր հասարակությանը, բթացնել մեր հասարակությանը՝ սպասվող վտանգներից: Այսօր բոլորս կրում ենք այդ ամենի ծանրությունն ու ողբերգությունը»,- ընդգծեց թուրքագետը:

Լուսինե Սահակյանը զուգահեռներ անցկացրեց 1915թ. և դրանից առաջ Հայոց ցեղասպանության հետ, որ իրականացնում էին երիտթուրքերը, դրանից առաջ՝ Աբդուլ Համիդը, քեմալականները. «Այն, ինչ տեղի ունեցավ, ոչնչով չի տարբերվում 1915թ. Հայոց ցեղասպանությունից: Տեղի ունեցավ հայ զինվորականության կռվող, մարտնչող խմբի ոչնչացում, տարածքների գրավում, էթնիկական զտում, տեղի է ունենում դեմոգրաֆիական վերաձևում, տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն: Ցավալին այն է, որ այս անգամ այս նոր ցեղասպանությանը՝ իրենց կրավորական դիրքով, իրենց ապաշնորհ կազմակերպությամբ, դավաճանական վերաբերմունքով մասնակից են եղել ներկայիս իշխանությունները և հանրության այն հատվածը, որը ծափահարում է և անտարբեր է: Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, կարող է տեղի ունենալ նաև Երևանում: Սա ինձ հիշեցնում է այն պատմությունները, որ Ցեղասպանության ժամանակ գավառներից գրում, ահազանգում էին մեր հոգևոր կենտրոններին, Ստամբուլի առաջադեմ մտավորականներին, և գավառներում կոտորած էր, տեղահանություններ էին, իսկ Ստամբուլում, Զմյուռնիայում և նման քաղաքներում մարդիկ նստած էին՝ իրենց խանութների, չայխանաների մոտ: Միայն մատների վրա հաշված մտավորականներ էին հասկանում, թե ինչ արհավիրք է սպասվում հայ ժողովրդին: Նույնը մենք ապրում ենք այսօր՝ գավառները ոչնչացվում են, Հայաստանը վերաձևվում է, ծվատվում է, և Երևանում ասում են՝ լավ է վիճակը»:

Նա ընդգծեց՝ գործող իշխանությունը պետք է հեռանա. «Փորձ է արվում սա վերածել կուսակցական պայքարի. Կներեք, կուսակցությունները պարտավոր էին ձայն հանել, բա ձայն չհանեի՞ն: Շատ նորմալ է, որ կուսակցությունները միավորվել են և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, բայց դա չի նշանակում, որ սա զուտ կուսակցական պահանջ է: Պետք է բոլոր պատմաբաններին, մասնագետներին ստիպեք գալ այստեղ, խոսել և իրենց դիրքորոշումը հայտնել: Սա այն պահը չէ, որ ամեն մեկը մտնի իր ֆեյսբուքյան էջը և հուզումնալից քոմենթներ գրի ու դրանով բավարարվի: Մեր հայրենիքը Ֆեյսբուքը չէ, ընկերներ, պետք է գետնի վրա քայլել, զգալ այս հողը ու հասկանալ՝ ինչ է տեղի ունենում: Եթե այսօր մեր մտավորականներն այսպիսի կրավորական դիրք են բռնել, նրանք ուղղակիորեն մասնակից են համարվելու Հայոց ցեղասպանությանը, ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից: Երբեք ոչ մի հարց չկա, որ չունենա ելք, թող չփորձեն մարդկանց այդպիսի բաներով վախեցնել կամ խաբել, հայ ժողովուրդն ամուլ չէ, հայ ժողովրդի գերագույն արգասիքը Նիկոլ Փաշինյանը ու նրա կառավարությունը չեն, հայ ժողովուրդն ունի հրաշալի զավակներ, հրաշալի մասնագետներ, և ինչպես յուրաքանչյուր շարժում, այս շարժումն էլ կբերի իր առաջնորդին: Որպես մտավորական՝ ես ուզում եմ նաև իմ խոսքն ուղղել մեր նախորդ նախագահներին, որոնց Նիկոլ Փաշինյանը զրպարտում է, մեղքը նրանց վրա է բարդում. Միայն ձեր խոսնակի հայտարարությունը բավարար չէ, այդ լռությունն ինձ համար անհասկանալի է: Թող վեր կենան և իրենց հստակ խոսքն ասեն, լռությամբ մենք ուղղակի այլևս կդադարենք լինել՝ որպես Հայաստանի Հանրապետություն»:

Թուրքագետը շեշտեց. «Փաշինյանն ասում է՝ ես եմ պատասխանատուն, եղբայր, այսինքն՝ ո՞նց ես դու պատասխանատու, դու կարող է վաղը Երևանը տաս և հետո կանգնես-ասես՝ ես եմ պատասխանատուն: Առնվազն նա և իր համակիրներն այդ բարաթի ստորագրման օրը պետք է գնային և չոքեին դարպասների առաջ ու իրենց խարակիրի անեին: Այդ մարդիկ, որ հավաքված են, ես վստահ եմ, որ տարրական գիտելիքներ չունեն՝ Թուրքիայի, թուրք-ռուսական պատերազմների, հայոց պատմության մասին, նրանք անհայրենիք մարդիկ են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս