
Աննա Հակոբյանը հանդիպել է գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:
Հիմնադրամը հայտնում է, որ Աննա Հակոբյանն իր զորակցությունն է հայտնել հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինը՝ իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»:
Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքն են հայտնել վարչապետի տիկնոջը: Աննա Հակոբյանը մայրերին հայտնել է, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:
«Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ»,- տեղեկացրել է հիմնադրամը՝ նշելով, որ հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: