«Հարց եմ տվել՝ պարոն վարչապետ, Ձեր պլանը ո՞րն է,  ասաց՝ իմ լուծումներն իռացիոնալ են». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 11-ին՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պարտվում է, և լուծումն այն է, որ լինի կարճ հրադադար, այնուհետև կրկին շարունակել պատերազմը։

«Ես ասել եմ՝ գնա Ռուսաստան, դիմի Ռուսաստանին, թող արագ դադարեցնեն։ Երբ որ այս մասին շատ լավ իմացել ենք, այդ օրվանից իրեն ասել ենք՝ դադարեցրու պատերազմը։ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը որևէ մեկը չի հերքել, մարդն ասել է, որ Փաշինյանին առաջարկել է՝ Շուշին մնա հայկական ուժերի վերահսկողության տակ, բայց փախստականները վերադառնան, վարչապետը չի համաձայնել։ Ու այսօր այդ իր անմեղի կամ մեղավորի օրագրից գրում է, դա չի հերքում։ Այսինքն՝ հնարավոր է եղել, որ պատերազմը 20 օր շուտ դադարեցնեին, սա հետագայում դատարանում քննելու են»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա, պատերազմի ժամանակ երկու տարբերակ կա, կա՛մ արագ ուժեղանում ու գնում են բոլորին կոտորում, կա՛մ դադարեցնում են, որպեսզի չկոտորվեն։

«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ստորագրվեց առաջին հրադադարի համաձայնագիրը, որի մեջ մերոնք ընդունեցին, որ Մինսկի խմբի ձևաչափն անփոփոխ է, այսինքն՝ ընդունեցին, որ Արցախը չի կարող բանակցող կողմ լինել։ Այդ հանդիպման ժամանակ ես իրեն ասացի՝ բա ասում էիք, որ Արցախը գալու է բանակցությունների սեղանի շուրջ, ինչո՞ւ դրան չհամաձայնեցիք, այսինքն՝ կոնկրետ զիջումներ է արել, հիմա դրա դիմաց հրադադար ստանո՞ւմ է, թե՞ ոչ։ Հարց եմ տվել՝ ասել եմ՝ պարոն վարչապետ, Ձեր պլանը ո՞րն է, ինքն ուզում էր պատասխաներ, ասացի մեկ րոպե՝ ռացիոնալ կպատասխանեք, ասաց՝ իմ լուծումներն իռացիոնալ են։ Սա եղել է ԱԺ խորհրդի նիստում, և ինքն իր որևէ հայտարարության մեջ չի հերքել մեր որևէ հայտարարություն։ Ինքը չէր եկել լուծումների մասին ասելու, եկել էր իրավիճակը ներկայացնելու»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավարը  շեշտեց նաև, որ այս ամենի մեջ կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Վովայի Փաշինյան։

«Անվտանգության խորհրդում նաև հարց է եղել՝ հետագայում պատերազմը շարունակելու ռեսուրս կա՞, ասել է՝ չկա, ասում էր՝ Սարդարապատ է, մոռանալով, որ Սարդարապատի պատերազմի ժամանակ բայրաքթար չի եղել, կամ Սարդարապատն ինչ է, կա՛մ պատմության անցքերը չգիտի, կա՛մ խառնել է 21-րդ դարի պատերազմը»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս