Բեգլարյանը հորդորում է չտրվել Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանող մանիպուլյացիաների
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անվերապահորեն ու խստիվ դատապարտում է վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները:
Բեգլարյանը, մասնավորապես, նշել է, որ թեև տհաճորեն է անդրադառնում այդ գրառումներին, սակայն պարտավոր ու ստիպված է՝ հաշվի առնելով դրանց ծավալները և ուժգնությունը:
«Ընդհանրապես ու հատկապես այս վճռորոշ իրավիճակում մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը: Մարդու իրավունքների պաշտպանության և ներքին միասնականության մշակույթի ապահովումը պարզապես հրամայական է մեր ներքին ու արտաքին մարտահրավերների արդյունավետ դիմագրավման ճանապարհին»,- նշել է ԱՀ ՄԻՊ-ը:
Նա շեշտել է՝ Արցախը, որպես հայ ազգի արժանապատվության ու անվտանգության գլխավոր աղբյուրներից մեկը, հատկապես վերջին տասնամյակներում անդադար եղել է հայության հատուկ հոգածության ներքո: Բեգլարյանը նկատել է, որ դա ոչ ոք չի կարող ժխտել կամ ուրանալ: «Եվ բոլորս էլ միշտ եղել ենք երախտապարտ յուրաքանչյուր անձի, ով իր ամենափոքր իսկ ներդրումն է ունեցել Հայրենիքի (ներառյալ՝ Արցախի) անվտանգության ապահովման ու զարգացման գործում»,- ասել է Բեգլարյանը:
Նա նշել է, որ վերջին պատերազմը նույնպես բացառություն չէր, երբ ազգովի լծված էինք մեկ նպատակի՝ փոխօգնության բացառիկ մթնոլորտում. վկան՝ նաև տեղահանված արցախցիներին ու ընդհանրապես Արցախին ցուցաբերվող զանգվածային անշահախնդիր աջակցությունը:
«Հաշվի առնելով տարանջատման ու թշնամանքի դրսևորումներում կեղծ օգտատերերի ակտիվ դերակատարությունը՝ ակնհայտ է, որ արտաքին և միգուցե ներքին կոնկրետ ուժեր շահագրգռված են հայ ազգը պառակտելու և Արցախի հանդեպ բացասական տրամադրություններ խթանելու հարցում: Եվ, ցավոք, այդ նպատակներին սպասարկող հուզական մանիպուլյացիաների ծուղակն են ընկնում բազմաթիվ անձինք, որոնք ամենևին դիտավորություն չեն ունենում վնասելու մեզ համար այնքան կարևոր ներքին համերաշխությունն ու ամրությունը»,- նշել է Բեգլարյանը:
ԱՀ ՄԻՊ-ը շեշտել է, որ ուստի, դա ևս մեկ հիմք պետք է լինի սրտացավ մարդկանց համար զգուշանալ նման արհեստական ու հանցավոր տեղեկատվական արշավներին հավատալուց և մասնակցելուց, նշել, որ նույնը, իհարկե, վերաբերում է նաև արցախաբնակ մեր հայրենակիցներին:
«Թեև մարդն իր գործողություններում մեծապես առաջնորդվում է իռացիոնալ հիմքերով, սակայն ունի նաև ռացիոնալությունը կիրառելու կարողություն: Հետևաբար, մենք ունակ ու պարտավոր ենք հատկապես այսպիսի դեպքերում չտրվել կարծրատիպերը չարաշահող մանիպուլյացիաներին և ջուր չլցնել մեր սեփական արժեքներին ու սկզբունքներին հակասող գործընթացների ջրաղացին: Ռացիոնալ եզրահանգումներից հետո հնարավոր է գիտակցել կոնկրետ երևույթների պատճառներն ու հետևանքները, արհեստական ընդհանրացումների ու տարանջատման փորձերի վտանգավորությունը:
Եկեք երբե՛ք չմոռանանք հատկապես ճգնաժամային պայմաններում մեր ներազգային համերաշխության ու միասնական ջանքերի անհրաժեշտությունը»,- եզրափակել է Արտակ Բեգլարյանը: