«Հոդվածներ գրելու ու արդարանալու փոխարեն՝ աշխատեք, գործ արեք». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Արցախի շուրջ տեղի ունեցած և ընթացող գործընթացների վերաբերյալ վարչապետի վերջին երկու օրերի ընթացքում կատարած գրառումները չի կարդացել, միայն ծանոթացել է դրանց վերաբերյալ տարբեր կարծիքներին։
«Կարծում եմ՝ հոդվածներ գրելու ու արդարանալու փոխարեն, հենց հիմա մեր զինվորները զորանոցներ չունեն, պետք է արագ դաշտային վրանային զորանոցներ հիմնել։ Սա թանկ հաճույք չէ, Պաշտպանության նախարարությունը պետական գնումներով կարող է սա շատ արագ կազմակերպել և շատ լավ պայմաններ ապահովել զինվորների համար, որը զորանոցի պայմաններից ցածր է, բայց ավելի լավ, քան այն պայմանները, որոնք այսօր կան։ Երեկ կոչ եմ արել՝ հոդվածներ գրելու ու արդարանալու փոխարեն՝ աշխատեք, գործ արեք, մի բան արեք։ Կառավարության մոտ ժամկետային զինծառայողների ծնողները կոչ են անում՝ իրենց որդիներին հետ բերեն, հարցնում ես՝ ինչո՞ւ, պատասխանում են՝ մեկը հիվանդ է, հազում է, պարզ է, զորանոցներ չկան, պայթեցվել են, և հիմա այնտեղ, որտեղ այդ զինվորները տեղակայվել են, անտառային պայմաններ են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ այսօր հոդվածներ գրելու ժամանակը չէ, այլ զինվորների համար նորմալ պայմաններ ստեղծելու ժամանակը։
«Մարդիկ ինձ գրում, ասում են՝ վարչապետից եք պահանջում, գնացեք դուք արեք։ Մեր ժողովուրդը մինչև չսովորի՝ ումից ինչ պահանջի, մենք պետություն չենք դառնալու, սա նույնն է, որ մեկի գազն անջատեն, գան Ջրային պետական կոմիտեին բողոքեն, որ գազն անջատել են, այսինքն՝ պետությունը չի կարող վրանային ճամբարներ նախաձեռնել։ Պետք է մեր ժողովուրդն էլ հասկանա՝ ումից ինչ է պահանջում, փոխանակ վարչապետից պահանջեն, որ աշխատի, մեզ են գրում։ Հասկանում եմ, որ հիմա պարտվել են, ասում են՝ բոլորը մեղավոր են, ընդդիմությունը, նախկին նախագահները, բա որ ասում էր՝ Գերագույն գլխավոր հրամանատար, դա ո՞վ էր, կարո՞ղ է մենք էինք, կարո՞ղ է Պաշտպանության նախարարը մեր խմբակցությունից մեկն է, բայց մենք չգիտենք, այս աբսուրդներից մենք պետք է դուրս գանք, թե չէ…»,- շեշտեց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել և անդրադարձել էր ՀՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահների Մոսկվա մեկնելու առաջարկին, ինչպես նաև հոկտեմբերի 19-ին Արցախի գործող նախագահի հետ հեռախոսազրույցին: