«Խնդրում եմ՝ հունվարին զորացրվող երեխեքին գոնե էս ամսի 1-ից թողեք  տուն գան». զինվորի մայր

Այսօր կրկին Կառավարության առջև էին հավաքվել ժամկետային զինծառայողների ծնողները: Պահանջում էին՝ իրենց տղաներին ուղարկել մայրական խնամքի, քանի որ նրանք, հոգեպես վատ վիճակում լինելուց բացի, քնում են ոչ բարվոք պայմաններում: Ծնողներից մեկը՝ Հասմիկ Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տղան հունվարին կզորացրվի, սակայն, հաշվի առնելով ստեղծված հանգամանքները, իրենք պահանջում են, որ զինվորներին շուտ զորացրեն:

«Խնդրում եմ, որ ովքեր մասնակցել են այս պատերազմին, Մատաղիսում, Ջաբրայիլում, Հադրութում, էն զինվորները, որոնք պետք է զորացրվեին հունվարին, որոնց մեջ է նաև իմ երեխան, խնդրում եմ մեկ ամիս շուտ մեր երեխեքը զորացրվեն: Իրենք մասնակցեցին այդ պատերազմին, զինակից ընկերներ կորցրին, քնեցին դրսերում, դիրքերում: Խնդրում եմ՝ հունվարին զորացրվող երեխեքին գոնե էս ամսի 1-ից թողեք թող տուն գան: Առողջական խնդիրներ ունեն բոլորը»,- ասաց զինվորի մայրը:

Նա նաև խնդրեց բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են փոխարինել ժամկետայիններին, ժամանակավորապես նրանց փոխարեն սահման պահել, մինչև զինվորները վերականգնվեն:

 

Տեսանյութեր

Լրահոս