Լարիսա Ալավերդյանն առաջարկում է լրտեսության կասկածով գործ հարուցել Աննա Հակոբյանի նկատմամբ

«Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է հասկանա, որ իր խոսքը որևէ արժեք չունի»,- 168TVի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Ես իմ անվստահությունն իր և կառավարության հանդեպ հայտնել եմ դեռ սեպտեմբերի կեսերին՝ մինչև պատերազմ սկսվելը, այնպես որ, նա պետք է հստակեցնի, որ այդ օդը շարժելը որևէ գին չունի՝ առնվազն մտածելու ունակությունը պահպանած ժողովրդի մոտ: Իր ասածը չէ, որ մեզ պետք է ուղղորդի: Եթե ղեկավարը փնտրում է մեղավորներին այլոց մեջ, դա քաղաքական անմեղսունակություն է: Դա պետական գործչի անմեղսունակության ինքնախոստովանություն է: Ղեկավարը պատասխանատու է բոլոր սխալների և կորուստների համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր կինն իր հանձնարարությամբ գնացել է ՊԲ հրամանատարական կետ՝ ՊԲ-ին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով, Լարիսա Ալավերդյանն ասաց.

«Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կարող է բարոյական աջակցություն ցույց տալ Արցախի բանակի զինվորականներին: Ես կառաջարկեի գործ հարուցել լրտեսության մեջ կասկածով՝ տիկին Աննայի մասնակցության մասով: Այդտեղ իրավունք չունի որևէ մեկը լինել: Երբ այդ ձևն ամուսինների մեջ ընտրվել է, որ գնա, նա ինչ է՝ օրենքի ո՞ւժ է տվել դրան, օրենքն արգելում է: Ինչի՞ հիման վրա է հորդորել կնոջը գնալ, ի՞նչ է՝ այնտեղ այդպիսի բարոյական աջակցության կարի՞ք կար: Այդ ի՞նչ պատմություն ունի անձնական և քաղաքական, որի խոսքը պետք է լինի բարոյական աջակցություն: Զրոյական ինքնակենսագրություն ունի՝ քաղաքական առումով: Պարոն Փաշինյանի կողմից այդ բոլոր ինքնախոստովական ցուցմունքները պետք է հաշվի առնվեն այն ժամանակ, երբ ինքը ոչ թե սին խոսքերով պատասխանատվություն է վերցնում իր վրա, այլ ՔՕ-ով նախատեսվածով»:

Լարիա Ալավերդյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը համոզմունք ուներ, որ պետք է Արցախը հանձնի.

«Դա կարելի է հետևողականորեն տեսնել: Ինքն այդ «գաղափարախոսությունը» ստացել է դեռ Առաջին նախագահից: Առաջին նախագահը հիմա ձևի համար է կշտամբում Նիկոլ Փաշինյանին: Այդ համոզմունքով չի արվել անհրաժեշտը: Ավելին, ես կասկածում եմ, որ տեղի են ունեցել այնպիսի քայլեր, որ արագացվել է դա: Ես հիմնավոր կասկած ունեմ՝ ինչո՞ւ է պատերազմն այդպես երկար տևել. Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր այնպես անել, որ ամբողջովին տանուլ տար պատերազմը բանակը, ամբողջովին մեղքը բանակի վրա դնել, բայց բանակը չէր հանձնվում: Երբ դա չի ստացվել, գրաֆիկ կար նշված, որ ամեն ինչը պետք է ավարտվեր Ադրբեջանի պետական դրոշի օրը, և տեսնելով, որ այդպես էլ չի ստացվում, էլի բանակը պատերազմում է, ինքը ստորագրեց այդ փաստաթուղթը»:

Հարցին՝ այսինքն՝ կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվա՞ծ է եղել, նա պատասխանեց. «Ինձ համար մեկ է, թե ում հետ, ես տեսնում եմ, որ 2018թ. Նիկոլ Փաշինյանի գալու նպատակը դա էր, և դա արվել է բավականին հստակ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս