Ո՞րն է հավկիթի թանկացման պատճառը և մինչև ե՞րբ այն կտևի
Վերջին օրերին թանկացել է հավի ձուն՝ 50 դրամից դառնալով 70 դրամ: Ընդ որում՝ տնական հավկիթի մեկ հատն էլ արժե 110 դրամ:
«Գյուղատնտեսական շտապօգնություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Արմենակ Խաչատրյանի կարծիքով՝ սրա պատճառը մեծ մասամբ ոչ թե կապված է կերի կտրուկ թանկացման հետ, այլ ձվի դեֆիցիտ է:
«Ձվի թանկացման պատճառը դեֆիցիտն է: Խնդիրն այն է, որ ամռանը էժան էր ձուն, նոր ճտեր չբերեցին ֆաբրիկաները: Կարծում եմ՝ մինչև Սուրբ Զատիկ ձուն չի էժանանա, քանի որ քիչ են ճտերը, իսկ դրանք բերելուց հետո 5 ամիս անց նոր ածում են: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե խոզի միսը նույնպես թանկացել է, դա այդպես չէ. գյուղացիները լաց են լինում, որովհետև 1700 դրամով են իրենցից վերցնում խոզի միսը, բայց խանութներում վաճառում են 2800 դրամով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Խաչատրյանը:
«Գյուղատնտեսական շտապօգնություն» հասարակական կազմակերպության նախագահը նշեց՝ բազում խնդիրներ կան գյուղատնտեսության ոլորտում:
«Աշնանացան չի եղել, գործարանները չեն ընդունել, օրինակ, սմբուկ՝ սմբուկի խավիարի պահածոյի համար, և այլն: Ամեն ինչ գնաց փակուղի, գործարաններն ուզում էին գին գցել մի 20-30 դրամով: Ծաղկակաղամբը 50 դրամ էին վաճառում: Գյուղացուց ապրանքը մինչև հասնում է խանութ՝ գինը եռակի թանկանում է: Ասենք, կարող է Երևանում լոլիկ գնես 700-800 դրամով, բայց գյուղացուց վերցրած լինեն 300 դրամով: Պատկերացնո՞ւմ եք, 100 և ավելի տոկոս եկամտաբերություն է»,- մանրամասնեց Արմենակ Խաչատրյանը:
Հավելենք, որ թռչնաֆաբրիկաների սեփականատերերը հավի ձվի գնի աճը բացատրում են ոչ միայն դրամի արժեզրկմամբ, այլև արտաքին շուկաներում հատիկային կերերի թանկացմամբ:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից էլ հայտնում են, որ իրականացվում է ուսումնասիրություն հավկիթի շրջանառության ոլորտում։
Ուսումնասիրության նպատակն է՝ հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։