Բաժիններ՝

«Խնդրում եմ բոլորին, ով ունի բեռնատար, բալգարկա, զոդման, կտրման ապարատներ, տարատեսակ գործիքներ… միացեք մեր հայրենակիցների խնդրանքը կատարելուն». Հակոբ Ճաղարյան

Նիկոլ Փաշինյանի` քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՐԱՏԱՊ

Էսօր երեկոյան Բերձորի մեր վստահելի ընկեր, մեր ուղարկած բոլոր բեռների համակարգող Գոռ Մանուկյանը զանգեց, և խնդրեց մի տասնյակ, կամ ավել բեռնատարներ հավաքագրենք, ցանկալի է գործիքներով զինված մասնագետների հետ միասին, որ կարողանան Բերձորի տների ու չօգտագործված շինանյութը տեղափոխեն մոտակա հայաբնակ, քարտեզով ԱՀ տարածքում ներառված գյուղեր:

Մարդիկ չեն ուզում լքել ԱՀ տարածքը, և ցանկանում են բնակարան սարքել մոտակա գյուղերում:

Ունեն ընդամենը 3 օր: Որովհետև Նոյեմբերի 30-ին մինչև ժ. 18.00 պետք է ազատեն քաղաքը:

Տնաշինության համար սա տասնյակներ անգամ ավելի էժան և արագ կարժենա, քան եղածը վառելն ու Հայաստանից, դեռևս անկանխատեսելի դժվարություններով նոր շինանյութ ստանալը:

Մենք, իհարկե, անմիջապես լծվել ենք խնդրի լուծմանը:

Բայց սա պետական կարգավորման խնդիր է: Եվ այն, ինչ մեզ կհաջողվի անել մեծ ճիգերի ու սեփական միջոցների հաշվին, պետությունն ի վիճակի է լուծել շատ արագ և անհամեմատ ավելի արդյունավետ:

Խնդրում եմ բոլորին, ով ունի բեռնատար, բալգարկա, զոդման, կտրման ապարատներ, տարատեսակ գործիքներ… միացեք մեր հայրենակիցների խնդրանքը կատարելուն:

Անձամբ ուժերիս ներածին չափ կֆինանսավորեմ գոնե 10 մեքենայի վառելանյութի, ու մարդկանց 2-3 օր ապրելու բոլոր ծախսերը:

Դիմում եմ բոլոր պետական ձեռնարկություններին և ոչ պետական շինարարական կազմակերպություններին` խնդրում եմ, միացեք այս նախաձեռնության իրականացմանը:

Հարցը մի քանի մեքենա շինանյութ տեղափոխելու մեջ չի, այլ մի հոծ զանգվածի Արցախը չլքելու մեջ է:

Սատարենք Բերձորցիներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս